«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել

Վեոլիա Ջուր կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շոգ է, շատ շոգ …

Ըստ օդերևութաբանների՝ վերջին 100 տարում հունիսին նման կայուն տաք եղանակ չէր գրանցվել:Փրկությունն իրոք որ ջուրն է:

Ու զարմանալի չէ, որ ջրամատակարարման կարճաժամկետ ընդհատումն անգամ հանրության շրջանում դժգոհության ալիք է բարձրացնում: Ասել, որ ՎեոլիաԹիմը դա գիտակցում է, կնշանակի ոչինչ չասել: Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ողջ ջուրը: Բայցևայնպես:Եթե նախորդ տարիներին խմելու ջրի սպառումն իր պիկին հասնում էր հուլիս – օգոստոս ամիսներին, ապա այս տարի արդեն մայիսի վերջից համակարգն աշխատում է ողջ հզորությամբ: Վերագործարկվել են պահուստային հանդիսացող «Շոր-շորի» և «Արարատյան» ջրաղբյուրները:

Եվ մինչև վերջին 2 շաբաթները ջրամատակարարումից կարծես թե առանձնապես դժգոհություն չկար: Բայց հետո ջերմաստիճանը հանրապետության մեծ մասում հասավ և անցավ 40-ը, էլ ավելի ավելացնելով ճնշումը համակարգի վրա, մյուս կողմից՝ սկսվեցին մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումները, որի պատճառով ժամանակ առ ժամանակ անջատվում էին պոմպերը:

Գործից լավատեղյակները գիտեն, որ պոմպերի անգամ կարճաժամկետ կանգառները խախտում են ջրամատակարարման կայունությունը, նվազեցնում են ջրի ճնշումը բաշխիչ ցանցում: Իսկ եթե դրանք ժամեր շարունակ չեն աշխատում … Ստեղծված իրավիճակում ընկերության կողմից ձեռնարկվեցին լրացուցիչ քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարներում կուտակված ջրի վերաբաշխման ու ռացիոնալ օգտագործման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար։

Ներկայումս տեխնիկական խնդիրներ այլևս չկան, էլեկտրաէներգիայի լարումն էլ կարգավորվեց, որի շնորհիվ կայունացավ ջրամատակարարումը, սակայն դեռևս որոշ ժամանակ է պետք համակարգը ջրով հագեցնելու և ջրամատակարարումը պաշտոնական ժամանակացույցի համաձայն իրականացնելու համար:

Դա իրականություն կդառնա նաև Երևանի Հաղթանակ թաղամասում, որի բնակիչների բողոքներին էին երեկ, հունիսի 25-ին անդրադարձել ATV հեռուստաալիքն ու panorama.am լրատվական կայքը:Ջրի քանակի մասով սպառողների բողոքները անշուշտ տեղին են, ինչպես և շատ այլ տարածքներում, որի պատճառների մասին արդեն ասվել է:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ի գիտություն հանրության, և ոչ միայն տվյալ թաղամասի բնակիչների, հարկ է հայտնել հետևյալը: Երևանը ջուր է ստանում ավելի քան 10 աղբյուրից, որոնցից յուրաքանչյուրի ջուրն ունի իր առանձնահատուկ համը, կախված ջրի մեջ տարալուծված հանքանյութերից: Եվ ջրի այդ օրգանոլեպտիկ հատկությունները առավել ցայտում են զգացվում եղանակների տաքանալուն զուգահեռ, ինչը բոլորովին չի հանդիսանում ջրի անորակության ապացույց:

Բոլոր աղբյուրների ջրերն էլ համապատասխանում են ներկայացվող պահանջներին: Ցավոք, գործը հասել է նրան, որ բողոքում են անգամ Զեյթունի բնակիչները, ովքեր ջուր են ստանում Կաթնաղբյուրից, Գառնիի ջրատարից օգտվողներն իրենց հերթին են ջրից այս շոգերին «առանձնահատուկ» համ առնում:

Կոնկրետ Հաղթանակ թաղամասին ներկայումս մատակարարվում է Արարատյան աղբյուրի ջուրը, այսինքն այն նույն ջուրը, որը բնակիչները ստացել են տասնամյակներ շարունակ: Վերջին տարիներին համակարգում հոսակորուստների կրճատման շնորհիվ հնարավորություն է առաջացել սեպտեմբեր-մայիս ժամանակաշրջանում բնակիչներին ապահովել Արզականի ջրով: Եվ միայն նման շոգերին է նորից Արարատյանի ջուր տրվում: Ու… բողոքներ:

Պարզապես, ցավում ենք ու ափսոսում, որ նման առաջընթացը բնակիչների կողմից չի նկատվում ու գնահատվում:Սակայն ՎեոլիաԹիմը, շահագրգիռ պետական կառույցների հետ, միևնույն է, աշխատում է խնդրի արմատական լուծման ուղղությամբ: Հուսով ենք, որ արդեն տեսանելի ապագայում կիրականացվի Հաղթանակ թաղամասի ողջ բաշխիչ ցանցի արմատական վերակառուցման տարիների պատմություն ունեցող ծրագիրը:

Ամենուր կկառուցվեն նոր ջրագծեր, կնվազի հոսակորուստը, ջրաչափերը դուրս կհանվեն փողոցներ, կիրականացվի ջրի ճշգրիտ հաշվառում ու կապահովվի կայուն ջրամատակարարում:

Դրանով նաև վերջ կտրվի ջրի ապօրինի օգտագործմանը նույն բնակիչների կողմից, որը ներկայումս մասսայական բնույթ կրում ու թաղամասում ջրի անբավարարության հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում»: