Զինվորների հայտնի տեսանյութը. ինչ է եղել ընտրատեղամասում իրականում

Համացանցում և լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողները քվեախցիկից պատրաստի ծրար են վերցրել և դուրս եկել»։ Տեսանյութում երևում էր անհայտ տեղամասի տեսախցիկի տեսագրության մի հատված, որը  ներկայացվում էր որպես զինծառայողների ուղղորդված քվեարկության ապացույց։https://www.youtube.com/embed/cvKo7j44nIY?feature=oembed

Տեսանյութը տարածել էին Sputnik ArmeniaAntifake.amPastinfo.amYerevan.Today լրատվականները, ինչպես նաև մի շարք տելեգրամյան ալիքներ։ 

Հրապարակումներում, մասնավորապես, նշվում էր, որ «քվեարկության ընթացքը տևում է մի քանի վայրկյան, քանի որ զինծառայողների միակ գործողությունը քվեաթերթիկով պատրաստի ծրարը վերցնելն ու դուրս գալն է»։

Տարածվող հրապարակումներից և ոչ մեկում, սակայն, չէր նշվում տեսանյութում երևացող տեղամասի համարը։

Հունիսի 24-ին գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ տեսանյութը վերցվել է ուսումնասիրության՝ նյութեր նախապատրաստելու համար, իսկ տեղն ու ժամանակը դեռևս անհայտ են։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությանը՝ փորձելով գտնել տվյալ տեղամասն ու տեսանյութն ամբողջությամբ։ 

Դիտորդական առաքելությունը ռուսաստանյան «Գոլոս» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, անցնելով բոլոր տեղամասերի տեսանյութերով, կարողացել է հայտնաբերել տեսանյութում երևացող տեղամասը և ամբողջական տեսանյութը, որը փոխանցվել է մեզ ուսումնասիրության։ https://www.youtube.com/embed/7vnTF95knVM?feature=oembed

Այսպես, տեսանյութն իսկապես արվել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը։ Տեսանյութում երևացող տեղամասը Տավուշի մարզի Այգեձոր գյուղում է՝ 38/36։ Այստեղ քվեարկել են մոտակա զորամասի զինծառայողները։  

Տեսանյութը տարածած լրատվականներից մեկը գրել էր. «Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինծառայողները քվեաթերթիկների տրցակը վերցնելուց հետո մտնում քվեախցիկ, տրցակն ամբողջությամբ նետում աղբարկղը, քվեախցիկից վերցնում քվեաթերթիկով պատրաստի ծրարն ու դուրս գալիս»։

Տեսագրությունը ուսումնասիրելիս, սակայն, պարզ է դառնում, որ զինվորները (և ոչ միայն), քվեախցիկի առաջ երկար ժամանակ հերթի մեջ գտնվելով, հենց հերթի մեջ քվեաթերթիկը ծրարի մեջ են դնում, իսկ խցիկ հասնելուն պես ուղղակի ազատվում են ավելորդ քվեաթերթիկներից։ Սա առերևույթ բաց քվեարկություն է, սակայն չկա ուղղորդում, և չկան խցիկում պատրաստի ծրարներ։ Լրատվականները, տարածելով կարճ տեսանյութ ու սխալ մեկնաբանություն, փաստացի մանիպուլացրել էին՝ չներկայացնելով ամբողջական իրավիճակը։https://www.youtube.com/embed/vnaxZ08CcjA?feature=oembed

Հատկանշական է, որ ի հակառակ հրապարակումներում տեղ գտած պնդումների՝ այս խախտումը մասսայական բնույթ չի կրել։ Բացի այդ, տեսանյութից պարզ է դառնում, որ զինվորները, ընտրություններին մասնակցելով առաջին անգամ, չեն տիրապետում քվեարկելու ձևին, վերջիններս տեղամասում պատշաճ կարգով չեն տեղեկացվել քվեարկություն կարգի մասին։

Ընտրախախտումները 36/38 տեղամասում

FIP․am-ը, ուսումնասիրելով տեղամասի ամբողջական տեսագրությունը, արձանագրեց օրվա ընթացքում ի հայտ եկած շուրջ երեք տասնյակ խախտումներ։

Հայտնաբերված խախտումների մեծ մասը կապված է քաղաքացիների և զինծառայողների կողմից քվեարկության գաղտնիության խախտման և բաց քվեարկության դեպքերի հետ, որոնք հավաքված են այս տեսանյութում։ https://www.youtube.com/embed/MwtjCjlgwLM?feature=oembed

Բացի այդ, հայտնաբերեցինք, որ տեղամասում օրվա տարբեր ժամերի տևական ժամանակ տեղամասի ներսում ապօրինաբար գտնվել են ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ևս մեկ անձ, որն իր վրա չի ունեցել վկայական (բեյջ)։ Վերջիններս շրջել են տեղամասում, խոսել հանձնաժողովի նախագահի, անդամների, քաղաքացիների և զինվորների հետ, որոշ դեպքերում՝ նաև ցուցումներ տվել։ Խնդրահարույց է նաև տեղամասային ոստիկանի՝ ժամանակ առ ժամանակ քվեարկության սենյակում ներկա գտնվելը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ զինվորների քվեարկության տարածվող տեսանյութը, որը ներկայացվում էր որպես ուղղորդման ապացույց, մանիպուլյատիվ է, իսկ «պատրաստի ծրարներ» վերցնելու մասին լրատվականների պնդումները՝ սխալ։

Այնուամենայնիվ, մենք գրանցել ենք բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր, որոնք, սակայն, ոչ թե ճնշման կամ հարկադրանքի արդյունք են, այլ չիմացության։ Այստեղ ակնհայտորեն թերացել են հանձնաժողովի նախագահն ու անդամները։ 

Փաստերի ստուգման հարթակ