Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոնի» պաշտոնյաների կողմից չարաշահումների առթիվ քրգործ է հարուցվել

Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոնի» պաշտոնյաների կողմից չարաշահումների առթիվ քրգործ է հարուցվել
Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոնի» պաշտոնյաների կողմից չարաշահումների առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարվել է մրցույթ՝ ծառայությունների գնման նպատակով:

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկը ներկայացրել է 21.244.200 ՀՀ դրամով ցածր գնային առաջարկ, քան՝ մյուս ընկերությունները, ինչը մերժվել է։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են մյուս երկու ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Բացի այդ, առերեւույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում եւ բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետեւանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել եւ վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»։