Բողոքի ակցիա Մարալիկում․ պահանջում են համայնքապետի հրաժարականը․ Factor.am

Մարալիկում բողոքի ակցիա է․ բնակիչներից շատերը շարունակում են պահանջել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ցուցարարները պնդում են, որ վերջինս թաղված է կոռուպցիոն քրեական գործերի մեջ, նրան բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրված, հետևաբար՝ պետք է հեռանա, գրում է Factor.am-ը։

Ըստ բողոքավորների, Արտակ Գևորգյանը, օգտագործելով վարչական լծակները, ԱԺ ընտրությունների ժամանակ աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին։ Համայնքի բնակիչները պնդում են, որ նա համայնքի բնակիչների շահերը չի ներկայացնում, մեծամասնության կողմից ընդունված չէ, ժամանակին էլ ընտրվել է կեղծիքներով, այնինչ նրա պաշտոնավարմանը դեռ 1,5 տարի կա։

Բողոքավորները մեզ հետ զրույցում նշեցին, որ գրեթե երկու տարի է՝ համայնքապետարանի դռները փակ են, Արտակ Գևորգյանը աշխատակազմի հետ տեղափոխվել է երաժշտական դպրոցի շենք, հետևաբար՝ իրենց բողոքի ակցիան անցկացնում են երաժշտական դպրոցի մոտ։

Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին վերջերս նոր մեղադրանք է առաջադրվել, համաձայն որի, վերջինս, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ՀՀ-ից բացակայող իր բարեկամուհուն բնակարան է նվիրաբերել՝ այսպիսով մեծ վնաս պատճառելով համայնքի շահերին։

Գևորգյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին: