Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմությունը դուրս չի գալիս փողոց

 «Հայաստան» դաշինքի անդամ,  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմությունը հետընտրական փուլում պայքարի համար փողոց դուրս չի գալիս:

Սաղաթելյանն այս մասին խոսեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ փողոցային պայքարի դուրս չեկան, երբ պնդում են, որ ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի են:

«Մենք գնացինք Սահմանադրական դատարանի ճանապարհով: Քննարկելով բոլոր մանրամասնությունները՝ եկանք այն եզրակացության, որ այս փուլում և այս պահին փողոցային պայքարը չի ունենալու այն արդյունավետությունը, որն ակնկալում ենք: Վերջին 8 ամիսներին փողոցում եղել էինք, և, այս ամեն ինչը վերլուծելով, եկանք այս եզրակացության»,-ասաց Սաղաթելյանը:

Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ պայքարը շարունակելու են ամբողջ թափով: «Անկախ նրանից, որ կլինենք խորհրդարանում, փողոցը մեզ համար ևս կարևոր է»,-ասաց նա:

Սաղաթելյանը վստահեցրեց, որ այս ընդդիմությունը տարբերվելու է մինչև այս եղած Հայաստանի բոլոր ընդդիմություններից: «Մենք չկարողացանք այս պահին Հայաստանում ձևավորել նոր որակի իշխանություն, բայց համարեք, որ նոր որակի ընդդիմություն արդեն ձևավորված է: Եվ մեր հասարակությունը յուրաքանչյուր օր խորհրդարանում և խորհրդարանից դուրս տեսնելու է աննահանջ և վճռական պայքար՝ այս իշխանության դեմ: Մենք խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին և բովանդակային առումով, և հնարավոր բոլոր միջոցներով»,-ասաց Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց՝ մանդատները վերցնելու պարագայում «Հայաստան» դաշինքն օգտագործելու է խորհրդարանական ընդդիմության ողջ գործիքակազմն իր ողջ ծավալով և արդյունավետությամբ:

«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:Նույն հարցով ՍԴ են դիմել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն միավորել է դիմումները, իսկ գործի քննությունը կսկսի հուլիսի 9-ին: