Արդյոք կա՞ ընկալում, որ Ալիևի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Ելույթում, մասնավորապես, ասվել է.

«Հարգելի՛ նախագահ,

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները.

1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև: Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյոք Ադրբեջանն ագրեսո՞ր պետություն է և արդյոք պե՞տք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից:

2. Լեռնային Ղարաբաղի՝ առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում: Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի տարբերակը:

3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները և ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի և Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը: Կցանկանայի իմանալ՝ ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվորեն պայքարում էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դե՞մ, թե՞ այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ:

4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում: Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի և ռեսուրսների որոշիչ ազդեցությունը:

5. Արդյոք կա՞ ընկալում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է: Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, և երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»: