Ռուս զինծառայողների տեղակայումից հետո ՀՀ և Ադրբեջանի Զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից. Գեղարքունիքի մարզպետ․ Factor.am

Ռուս զինվորականների մի մասն արդեն իսկ Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին այսօր Շողակաթ համայնքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ռուս զինծառայողների տեղակայման համատեղ գործընթաց է գնում և որոշակի փուլից հետո՝ մոտ ժամանակներում, նրանք կտեղակայվեն սահմանին, գրում է Factor.am-ը։

Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից, որին կհաջորդի բանակցային գործընթացը և կարվեն սահմանային ճշգրտումներ։ Ինչ վերաբերում է Վերին Շորժայի հատվածում առկա իրավիճակին՝ Գնել Սանոսյանի խոսքով՝ այս պահին այդ հատվածում իրավիճակը կայուն է, չնայած որ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։ 

Գեղարքունիքի մարզպետը հայտնեց նաև, որ մարզի բնակիչներին պատկանող 81 գլուխ անասուն գտնվում է ադրբեջանական կողմում։ Դրանք պատկանում են 5 ընտանիքների, որոնց այս ընթացքում որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, մինչև կհստակեցվի՝ անասուններին կհաջողվի՞ հետ բերել, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ Վերին Շորժայի սահմանային հատվածում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև վերջին միջադեպը գրանցվել էր հուլիսի 5-ին։

Ադրբեջանցիների սադրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից թեթև վիրավորում էր ստացել մեկ զինծառայող, իսկ ադրբեջանական կողմը ՀՀ զինված ուժերի տվյալներով, ունեցել էր երկու վիրավոր զինծառայող։ «44-օրյա պատերազմից հետո մեծ խնդիր է դարձել սահմանային արոտավայրերը և խոտհարքերը օգտագործելը»,- նշեց մարզպետը։

Հարցը սրվել է հատկապես մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք։ Սանոսյանի խոսքով՝ խոտհունձի սեզոնին ՀՀ Զինված ուժերի բանակային կորպուսը լրացուցիչ ուժեր է ներգրավում, որպեսզի սահմանային գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ հավաքել խոտը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապօրինաբար հատել են Հայաստանի պետական սահմանը և մինչև օրս շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։