Դիմորդների ոչ թե 50, այլ 13.77 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի անցողիկ շեմը․ և դա ամենախայտառակ արդյունքը չէ․ FIP.am

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը հուլիսի 8-ին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքներին, հայտարարել էր, որ դրանք ամենախայտառակն են Հայաստանի պատմության մեջ։ 

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է, ընդ որում՝ միայն կրթական ցենզի մասին չէ խոսքը»,- նշել էր Էմին-Տերյանը։

Իսկ կայքը, ընդհանրացնելով Հայոց լեզու և գրականություն առարկայի քննություններից ստացված պատկերը, նշել էր, որ բուհ ընդունվողների 46.9 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի անցողիկ շեմը, ինչն էլ սոցցանցերում քննարկման բուռն առիթ էր դարձել։ 

Թեմային անդրադարձել էր նաև «5-րդ ալիքը»՝ «Հայլուրի» թողարկման ժամանակ հայտարարելով, որ այս տարի բուհ ընդունվողների 46.9 տոկոսը, այսինքն՝ դիմորդների գրեթե կեսն անբավարար է ստացել հայոց լեզվից։ «Հայաստանի պատմության մեջ մայրենի լեզվի քննության ամենախայտառակ արդյունքն է՝ ահազանգում են կրթության փորձագետները»,- նշել էր «Հայլուրի» թղթակիցը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Հայոց լեզու և գրականություն առարկայի այս արդյունքներն ամենախայտառակն են եղել Հայաստանի պատմության մեջ։ 

Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով

Ինչպես հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելությունը կատարվում է երկու փուլով: Առաջին հիմնական փուլն ընդգրկում է հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդներին։

Երկրորդ փուլին մասնակցում են ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները։

Ինչպես վերևում նշվեց, ցածր արդյունքները գրանցվել են երկրորդ փուլում, և հայերենից «կտրվածները» հիմնական դիմորդները չեն, այլ ՀՀ երկքաղաքացիներն են, այլ երկրների ուսհաստատություններն ավարտած ՀՀ քաղաքացիները, զորացրված դիմորդներն ու առաջին փուլում հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները։  

2021 թվականի միասնական քննությունների առաջին փուլին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4005 դիմորդ, իսկ երկրորդ փուլին՝ 98 դիմորդ

Այսպիսով, 2021 թվականի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ՝ մասնակիցների 13.77 տոկոսը: Այս մասին ավելի ուշ պարզաբանմամբ տեղեկացրել էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այսինքն՝ նշված շահարկումները, թե բուհ ընդունվողների 46.9 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի անցողիկ շեմը, վերաբերել են միայն երկրորդ փուլի արդյունքներին։  

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություններից ստացված իրական պատկերը

Ինչպես նշեցինք, 2021 թվականի քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13 տոկոսը, միջին միավորը եղել է 12․26-ը։ 

2020 թ. նույն առարկայի քննությանը մասնակցել է 1712 դիմորդ։ 7․5-ից ցածր միավոր է ստացել նրանցից 445-ը կամ 26 տոկոսը:  

Հատկանշական է, որ 2020 թվականին, համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված, քննություններն անց են կացվել միայն առաջին փուլով։ 

ԳԹԿ-ն երկրորդ փուլի արդյունքները համեմատում է ոչ թե 2020-ի, այլ 2019-ի հետ՝ հաշվի առնելով, որ 2020 թվականին մեկ փուլով են անցկացվել քննությունները։ Ըստ այդմ, 2019 թվականին միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել էր 331 դիմորդ, որոնցից 118-ը կամ 35․6 տոկոսը չէր հաղթահարել դրական միավորի շեմը։  

2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունների արդյունքներն ամենախայտառակը չէին 

Ուսումնասիրելով նախորդ մի քանի տարիների պետական միասնական քննությունների և բուհերի ընդունելության մրցույթի արդյունքների վերլուծությունը՝ պարզ է դառնում, որ 2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունների արդյունքները, այսպես ասած, ամենախայտառակը չէին։ 

Այսպես, ինչպես նշեցինք, 2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը, ընդհանուր առմամբ, մասնակցել է 4103 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 տոկոսը կամ 565 դիմորդ։ 

2020 թվականին նույն առարկայի քննությանը մասնակցել էր 1712 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չէին  հաղթահարել 445-ը կամ 26 տոկոսը։ 

2019 թվականին մասնակցել էր 5701 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չէին հաղթահարել 1161-ը կամ 20.4 տոկոսը։ 

2018 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ, իսկ 7․5-ից ցածր միավոր էին ստացել 435-ը կամ 16 տոկոսը:  

2017 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել էր 5307 դիմորդ, իսկ 7․5-ից ցածր միավոր էին ստացել 620-ը կամ 11.7 տոկոսը:  

2016 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել էր 6336 դիմորդ, իսկ 7․5-ից ցածր միավոր էին ստացել 597-ը կամ 9․4 տոկոսը:  

2015 թվականին մասնակցել էր 6991 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չէին հաղթահարել 615-ը կամ 8․8 տոկոսը։ 

2014 թվականին մասնակցել էր 7602 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չէին հաղթահարել 768-ը կամ 10․10 տոկոսը։ 

Այսպիսով, aravot.am-ի պնդումը, թե բուհ ընդունվողների 46.9 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի անցողիկ շեմը, մանիպուլյատիվ է, քանի որ դա վերաբերել է միայն երկրորդ փուլի մասնակիցների արդյունքներին։ Սխալ է նաև գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի պնդումը, թե դա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է, քանի որ եթե 2021 թվականին հայոց լեզվի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 տոկոսը, ապա 2020-ին այդ ցուցանիշը կազմել էր 26, 2019-ին՝ 20․4, 2018-ին՝ 16 տոկոս։ 2017 թվականից առաջ դրական միավորի շեմը չհաղթահարողներն այս տարվա համեմատ ավելի պակաս են եղել։ 

Փաստերի ստուգման հարթակ