ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ. Ժան Նոել Բարո

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ այդ երկրում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու համար։

«Մենք այսօր եվրոպական պատժամիջոցներ կսահմանենք Իրանում բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ՝ այդ թվում կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների, ինչպես նաև ինտերնետի անջատման համար պատասխանատու անձանց դեմ»,- ասել է Բարոն հունվարի 29-ին՝ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները, ինչպես նաև կարգելի նրանց մուտքը ԵՄ անդամ պետություններ։

Նախորդ օրը Ֆրանսիան նաև պաշտպանել է ԻՀՊԿ-ն Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու նախաձեռնությունը։