«Հայրս իր վերջին խոսքն ասել էր՝ ես Հնդկաստան ուղարկելու աղջիկ չունեմ». Հասմիկ Սահակյանը՝ Հայաստանից Հնդկաստան՝ սիրով

«Հիացած եմ Հնդկաստանի գույների բազմազանությամբ, զարդերն ու հագուստը մի այլ աշխարհ են, կտորների տեսականին անսահմանություն է, անհավատալի ձեռքի աշխատանքներ ունեն: Մարդիկ՝ հասնող, օգնող, կարեկցող»,- ասում է 28-ամյա Հասմիկ Սահակյանը, ով տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ իր կյանքը շրջադարձային կփոխվի և բնակություն կհաստատի Հնդկաստանում՝ ամուսնանալով հնդիկ երիտասարդի հետ: 

«Հայրս արդեն իր վերջին խոսքն ասել էր՝ ես աղջիկ չունեմ անհայտ ապագա, հեռավոր Հնդկաստան ուղարկելու համար ու ինձ արգելել էր տանից դուրս գալ, բայց… երբ խելքդ կորցրած սիրում ես՝ փակ դռներ չկան»,- ասում է Հասմիկը:

Մասնագիտությամբ մանկավարժ Հասմիկը ապագա ամուսնուն՝ զարդերի դիզայներ- մոդելավորող Առուն Աչարյայի հետ պատահաբար ծանոթացել էր Երևանում 2010-ին: Ապագա ամուսինը Հայաստան էր եկել՝ որպես զբոսաշրջիկ: Հայաստանից մեկնելուց հետո Առունը Հասմիկի հետ շփումը շարունակում է համացանցում:

Ազգերի ու երկրների տարբերությունների, մշակույթի, կրոնի, նախասիրությունների և այլնի մասին հետաքրքիր զրույցներն ու շփումը տեղափոխվում են այլ հարթություն, ինչպես Հասմիկն է պատմում, համակրանքը վերածվում է կապվածության, հետո՝ սիրո:


Հասմիկն ու Առունը որոշում են ընտանիք ստեղծել և տեղափոխվել Հնդկաստան, սակայն Հասմիկի ծնողները, անհանգստանալով աղջկա ապագայի համար, չեն ընդունում նրա որոշումը:

«Շատ դժվար էր ընտանիքիս համար ընդունել այն փաստը , որ ես ուզում եմ կյանքս կապել օտարերկրացու հետո, առավել ևս, որ պետք է ապրեի Հնդկաստանում»,- նշում է Հասմիկը:

Պատմում է, որ վստահ լինելով իր ընտրության մեջ՝ սկսում է երկարատև բանակցություններ վարել ծնողների հետ և խնդրում, որ ընդունեն իր ընտրությունը:

«Մայրս էլ էր շատ անհանգիստ, թե ինչպես կդասավորվի կյանքս իրենցից էդքան հեռու, բայց միևնույն ժամանակ շատ հասկանում էր զգացմունքներս որպես կին, ավելի շատ էի կիսվում մորս հետ, գիտեր ամեն բան ավելի մանրամասն, ուզում էր, որ երջանիկ լինեմ ու վստահում էր իմ ընտրությանը։

Եղբայրս նույնպես միշտ իմ կողքին է եղել, պապային համոզում էր, որ թողնի իմ կյանքի կարևորագույն որոշումը ես կայացնեմ, թեպետ ինքն էլ էր մտահոգվում։ Ընտանիքս հավանում էր Առունին մանավանդ հանդիպելուց հետո, հայրս՝ նույնպես, ասում էր՝ ես իր դեմ ոչինչ չունեմ, լավ երիտասարդ է, ուղղակի ես քո ապագան չեմ պատկերացնում Հնդկաստանում, լրիվ մենակ ես լինելու, մի խնդրի դեպքում չեմ կարողանալու արագ հասնել օգնել և այլն։ Շատ հարցեր կային, որ պատնեշ էին կարծես»։

Պատմում է, որ կար նաև լեզվի խնդիրը ծնողների համար, չէին կարողանում իրենց հուզող հարցերի պատասխանները հենց ընկերոջից ստանալ:

Հասմիկն ասում է, որ, այնուամենայնիվ, երկարատև զրույցների արդյունքում հայրը զենքերը քիչ-քիչ վայր է դնում, հասկանում է, որ աղջիկը գտել է իր մեծ սերն ու կորստյան ցավին չի դիմանա:

«Հորս ասացի, որ ես էլ կյանքում ոչ ոքի հետ չեմ ամուսնանա, որ ես իրեն անչափ շատ եմ սիրում ու խնդրում եմ իմ երջանկությանը չխանգարել»։

Հասմիկի հոր համաձայնությանը նաև նպաստում է Առունի հոր հետ հանդիպումը:

«Ամուսնուս հայրը նույնպես եկել էր ձեռքս խնդրելու Երևանում ապրող հնդկուհի տիկին Սանթոշ Արորայի հետ: Տիկին Սանթոշի օգնությամբ կարողացան խոսել, ոնց որ կամուրջ հանդիսացավ երկու ընտանիքների միջև: Դրանից հետո հայրս քիչ քիչ- զենքերը վայր դրեց, հավանել էր սկեսրայրիս, ու ինչ-որ չափով սիրտը հանգստացավ»: 

2013 թվականի ապրիլ ամսին Հասմիկն ու Առուն նշանադրվում են Հայաստանում, իսկ հաջորդ տարի հունիսին՝ ամուսնանում Հնդկաստանում և հաստատվում Հնդկաստանի արևմուտքում գտնվող Մումբայ քաղաքում, 2017-ին ծնվում է նրանց որդին՝ Ռոնիտը:

Հասմիկն ասում է, որ հայրը թեև շատ դժվարությամբ համաձայնեց, բայց կարևորն այն է, որ այժմ, հեռավորությունից բացի, ուրիշ անհանգստություն չունեն, ավելի քան համոզվել են, որ արժանի ընտրություն էր։

«Տեսան, թե ինչքան է ինձ սիրում ու հոգ տանում իմ մասին ամուսնական կյանքի ընթացքում, տեսնում էին՝ ինչքան երջանիկ եմ իր կողքին։ Փորձում էր սովորել հայերեն ու բավականին նախադասություններ սովորել էր զուտ ծնողներիս հետ խոսելու համար։ Ամուսնությունից առաջ տրված ոչ մի խոսք չդրժվեց, ամուսնությունից հետո ևս ու մինչև հիմա»,- նշում է Հասմիկը։

Վերհիշում է, որ իր ընտրության համար խտրական և բացասական վերաբերմունքի էր արժանանում նաև հասարակության կողմից:

«Երբ սիրելիս ամեն տարի գալիս էր որոշ ժամանակով Հայաստան՝ ինձ տեսնելու, փողոցում միասին քայլելիս կամ տրանսպորտից օգտվելիս շատ են եղել անհարմար իրավիճակներ, խեթ հայացքներ, անտեղի փսփսոցներ, անգամ անտեղի վիրավորական խոսքեր՝ ուղղված ընկերոջս:

Մի անգամ, երբ Երևան-Էջմիածին երթուղայինում էինք, կոնյակի գործարանի մոտ էինք հասել, ամուսինս պատուհանից նայեց ու հարցրեց ինձ, թե կոնյակի գործարանի կողքին ինչ շինություն է, ու մի երկու տղաներից մեկը, որ կանգնած էին մեր գլխավերևում ու մինչ այդ հարցն էլ իրար մեջ, իբր, կատակներ էին անում Հնդկաստանի, կովը որպես սրբություն համարող հնդիկների մասին, ասաց՝ չգիտեինք, որ սրանք համ էլ քոռ են, ու սկսեցին երկուսն էլ հռհռալ։

Կամ՝ հայերը պրծել են, սրանց պիտի առնեն և այլն։ Կամ՝ արա, էսի ջիմիյին ա սիրըմ, էս ուր ենք հասել»:

Հիշում է, որ նման իրավիճակներում շատ էր լարվում և վատ զգում, սակայն ամուսնու խորհուրդները՝ ուշադրություն չդարձնել և երբեք շուռ չգալ ու չպատասխանել, փրկում էին իրավիճակը:
 
«Ընկերուհիներս անգամ զարմանում էին, որ ես դիմանում էի էդ ճնշմանը։ Բայց մի բան հաստատ գիտեի՝ կողքիս տղամարդն ու մեր հարաբերություններն ամեն ինչից առավել էին»,- ասում է նա:

Հասմիկը նշում է, որ անգամ որոշ հարազատ մարդիկ հեռացան իրենից՝ իր ընտրությունը քննադատելով: 

«Իսկ ես իսկապես երջանիկ եմ, չեմ սխալվել իմ ընտրության մեջ այդքան երիտասարդ լինելով։ Բայց շատ-շատերն էլ ուրախ էին ինձ համար, կողքիս եղան մինչև վերջ ու մինչև հիմա։

Շատերն են զարմանում իմ կամքի ուժի ու խիզախ լինելու վրա, որ անկախ ամեն ինչից ՝ դիմացա, հաղթահարեցինք ու հասանք իրար ու պահպանում ենք մեր սերը՝ անմար պահելով այն։ Երբեք չեմ ամաչել իմ սիրո մասին բարձրաձայնել, երբ սիրում ես մաքուր սիրով, երբ զգացմունքներդ անկեղծ են, ու իրապես երջանիկ ես՝ ուզում ես այն կիսել աշխարհի հետ առանց թաքնվելու»,- «Մեդիալաբին» պատմում է Հասմիկը։

Հասմիկն ասում է, որ Հնդկաստանում ևս ծնողները հազվադեպ են օտարերկրացու հետ ամուսնությանը կողմ լինում, սակայն ամուսնու ընտանիքը, լինելով ազատ մտածելակերպով մարդիկ, գրկաբաց է ընդունել իրեն։


«Ամուսնուս ծնողները շատ ազատ մտածելակերպով մարդիկ են, սահմանափակումներ չկան ընտանիքում, ամուսնուս ասել էին՝ կյանքդ կապիր նրա հետ, ում սրտով կզգաս, կհասկանաս, որ քոնն է՝ ազատ ես քո ընտրության մեջ։

Նշեմ, որ Հնդկաստանում հիմնականում ծնողներն են ընտրում իրենց հարս կամ փեսա։ Ընտրված աղջիկն ու տղան հանդիպում են մի քանի անգամ, եթե համակրանք լինի՝ ամուսնանում են»:

Հասմիկն ասում է, որ կրոնական տարբերությունն էլ չխանգարեց ամուսնու հետ հարաբերությունների կայացմանը: Հասմիկի ամուսինը հինդու է, հավատում է միայն մեկ աստծո՝ ի տարբերություն մյուս հինդուների։

«Ոչ մի կրոնական ծեսեր մենք չենք անում, ապրում ենք շատ պրակտիկ կյանքով։ Ես գնում եմ եկեղեցի , ինքն էլ մեկ-մեկ գնում է տաճար։ Միասին էլ ենք եկեղեցի գնում, մոմ վառում։ Ամուսինս անգամ պատրաստ էր կնքվել, միայն թե ինձ հետ ամուսնանար»,- ասում է նա։ 

Համոզված է, որ առանց սիրո անհնար է հաղթահարել կյանքում հանդիպող դժվարություններն ու բարդ իրավիճակները, մանավանդ, երկու տարբեր կյանքեր ապրած ու մշակույթներ ունեցող մարդկանց համար, ովքեր որոշում են ընտանիք կազմել։ 

Հասմիկն այժմ Հնդկաստանում բավականին բազմազբաղ է. երեխայի խնամք, օգնում է ամուսնուն ընտանեկան բիզնեսի՝ զարդերի արտադրության զարգացման հարցում, ինչպես նաև վարում է իր ալիքը Յութուբում, որը բավական սպասված է՝ բաժանորդների թիվը հասել է գրեթե 10.000-ի: 

Իր վիդեոբլոգում Հասմիկը պատմում է, թե ինչպիսին է կյանքը Հնդկաստանում, ինչպես է անցնում իր կյանքը Հնդկաստանում, հայերին ծանոթացնում է հնդկական մշակույթին, հետաքրքիր մանրամասներ պատմում, կիրառելի խորհուրդներ տալիս: 

Հասմիկն ասում է, որ հնդկական տոներից նշում են Դիվալին, Հոլին, հայկական տոներից՝ Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը։ 


Հաճախ է պատրաստում հայկական խոհանոցի ուտելիքներ, օրինակ՝ տոլմա (այծի մսով, տավարի մսի վաճառքն արգելված է), սպաս, խաշլամա, լոբախաշու, երբեմն նաև՝ ղափամա, գաթա և այլն։ Հնդկական խոհանոցին էլ շատ լավ տիրապետում է:

Տարիների հեռվից՝ դժվարությունների բովով անցնելով և իր երազած ընտանիքը ստեղծելով, Հասմիկը վստահ է, որ երբեք չպետք է հրաժարվել սեփական երջանկությունից:

«Ուրիշների համար ինքնազոհ մի եղեք, որովհետև այդ նույն մարդիկ, իրենց ենթադրությունները որպես օրենք համարելով, կքննադատեն ու ցեխ կնետեն քեզ վրա՝ քո հասանելի երջանկության չափաբաժինը վայելել ցանկանալու համար, բայց իրենք ապրեն իրենց կյանքն այնպես, ինչպես իրենք են ճիշտ գտնում՝առանց քեզ հարցնելու:

Այս լայն աշխարհում դուք իրավունք ունեք ձեզ տրված միակ կյանքը դասավորել այնպես, ինչպես ձեր սիրտն է ձեզ թելադրում»,- ասում է Հասմիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am