«Ես Հայաստան սիրով եկա, սերը էներգիա է, ալիքներ, որ մարդիկ զգում են ու ստանում իրարից»․ Սանտոշ Կումարի

Գանդավեդայի ելևէջներից դրական լիցքեր են հոսում, խոհանոցից տարածվում է հնդկական կերակուրի անուշահամ բույրը, հնդկական ազգային տարազով հայ կանայք բացահայտում են հնդկական մշակույթը, փորձում ազգային այս խոհանոցի բաղադրատոմսերը։

«Երաժշտությունը ներծծվում է կերակուրի մեջ, և այն դառնում է ավելի դրական, սնունդը շատ մեծ էներգետիկա ունի։ Հնդկական խոհանոցում ամեն ինչ կա։ Մեր նախնիները լավ հասկացել են, որ եթե մեկին ասեն՝ սա դեղ է, չի օգտագործելու, բայց եթե ասեն՝ համեմունք է ու ճաշին լավ համ է տալիս, ապա հաստատ կօգտագործեն, այստեղից էլ մեր բազմազան համեմունքները»,- ասում է ազգությամբ հնդիկ Սանտոշ Կումարի Արորան։

Արդեն 31 տարի Հայաստանում ապրող Սանտոշ Կումարին հնդկական մշակույթի վարպետության դասեր է անցկացնում ցանկացողների համար։ Հյուրընկալվում է տվյալ ընտանիքում, ներկայացնում իրենց ազգային մշակույթն ու սովորությունները, խոհանոցի գաղտնիքները։

«Հայերը շատ արագ են սովորում։ Հաճախ պատրաստում եմ մեր հնդկական հացը, որի միջուկը կարող է լինել կարտոֆիլ, ծաղկակաղամբ, գազար, սպանախ… պատրաստում եմ հնդկական փլավ`բրնձով, կանաչ ոլոռով, ծաղկակաղամբով, բրոկոլիով, հնդկական համեմունքներով»,- ներկայացնում է Սանտոշ Կումարին, բացատրելով, թե ինչու է հարկավոր բրինձը մատներով ուտել։

Նա նշում է, որ մարդու մատները հինգ տարր են պարունակում իրենց մեջ`կրակ, օդ, ջուր հող, եթեր։

«Երբ կանայք կերակուր են պատրաստում, էներգիա են փոխանցում կերակուրին, բացի դրանից, դուք ստանում եք հինգ տարրերի էներգետիկա, որպեսզի ձեր օրգանիզմը բալանսի գնա։ Ի՞նչ է դա տալիս. նախ՝ համեղ է դառնում, հագեցնող, դյուրամարս։ Շատերն են ձևեր թափում, որ, վա՜յ, ձեռքով է ուտում, բայց ասեմ՝ պետք է ուտելիս հինգ մատն էլ լիարժեք օգտագործել։ Ես գդալով չեմ ուտում, քանի որ չեմ հագենում։ Հենց դրա համար էլ մեր նախնիները ժամանակին լավաշով էին ուտում ամեն ինչ, ձեռքով»,- ասում է նա։

Սանտոշ Կումարին ծնվել ու մեծացել է Դելիում, սովորել է Սանկտ Պետերբուրգի Ժդանովի անվան պետական համալսարանում, հենց այստեղ էլ ծանոթացել ապագա հայ ամուսնու հետ։

«1980-ին ավարտեցի համալսարանը, 1983-ին՝ ասպիրանտուրան, արդեն 27 տարեկան էի։ Ամուսինս սովորում էր Պետերբուրգի նկարչության ակադեմիայում։ Աղջիկներս`Անին ու Ռջնին, ծնվեցին այնտեղ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձանք Հայաստան՝ Թալինի շրջանի Շղարշիկ գյուղ։ Սասունցիների գյուղ է, շատ եմ սիրում այդ գյուղը, մի պահ նույնիսկ հնդիկի գյուղ էին անվանում։ Ինձ սիրով ընդունեցին այդ ընտանիք։ Ես Հայաստան սիրով եկա, սերը էներգիա է, ալիքներ, որ մարդիկ զգում են ու ստանում իրարից»,- պատմում է հինգ երեխաների մայրը։

Ասում է, որ տղաներից Հայկը ծնվել է Հնդկաստանում։ Հայկից հետո ունենում է Անահիտին ու Դավիթին։

«Հայկս սովորում էր Թաիլանդում, իններորդ դասարանից եկավ Հայաստան, որպեսզի ստանա Հայաստանի անձնագիր ու ծառայի հայկական բանակում։ Մեծս՝ Անին, 33 տարեկան է, իսկ փոքրս՝ Դավիթը՝ 23»,- ասում է նա։

Սանտոշ Կումարին 1997-2017 թթ. աշխատել է ԵՊՀ-ում, դասավանդել է ռուսերեն, հնդկերեն։ Արդեն մեկ տարի է՝ աշխատում է Հայ-ռուսական համալսարանի նորաբաց արևելագիտության ինստիտուտի հնդկագիտության բաժնում։

«Հայերին դասավանդում հնդկերեն լեզու և գրականություն, հնդիկներին՝ ռուսերեն և հայերեն։ Թարգմանություն եմ սովորեցնում՝ անգլերեն-հայերեն, անգլերեն- ռուսերեն, մասնագիտություն եմ տալիս իրենց՝ թարգմանել երեք լեզվով»,- ասում է նա։

Անգամ Հայաստանի համար խիստ ծանր տնտեսական տարիներին Սանտոշ Կումարին չի լքել Հայաստանը, չի վերադարձել Հնդկաստան։ Ասում է, որ հայերին սիրում է ինչպես իր ազգը, և հայ ժողովուրդը խիստ թանկ է իր համար։

«Դեռ Պետերբուրգում սովորելու տարիներին սկսեցի ուսումնասիրել հայոց պատմությունը, սիրահարվել էի այս ազգին, հասկացա, որ ագրեսիա չկա այս ազգի մեջ, ինձ համար ճակատագրով սա էր նախատեսված, որ ես պետք է գայի ու ապրեի Հայաստանում։ 1985 թվականին, երբ մեծ աղջկաս մկրտում էինք, առաջինը ինձ մկրտեցին, հետո՝ նրան։ Ես ընդունել եմ քրիստոնեությունը, մինչ այդ հինդու էի»,- ասում է նա։

Անդրադառնալով հայերի և հնդիկների ընդհանրություններին՝ Սանտոշ Կումարին նշում է, որ ըստ գիտական ուսումնասիրությունների՝ եթե երկու լեզուների մեջ քսան բառ ունեն նույն արմատը, ապա դա պատահականություն չէ։

«Գրաբարի և սանսկրիտի (հին հնդկերեն) միջև 80 տոկոս նմանություն կա։ Կան նմանություններ հնդկերենի և արդի հայերենի միջև։ Օրինակ՝ հայերեն նարինջ է, հնդկերեն նարնգի, ճակնդեղ-ճկունդա, մարդ-մըրդ, կենտրոն-կենդր… այլ բառեր էլ կան։ Նույն հնդեվրոպական ընտանիքի լեզուներ ենք։ Հայերը և հնդիկները արիացիներ են։ Հայերն էլ մեզ նման հյուրասեր, պատվով են»,- ասում է նա։

Անդրադառնալով Երևանում շատացող հնդիկներին՝ ասում է, որ եթե իրեն դիմում են, ապա առաջարկում է ներդրումներ անել այն ոլորտներում, որոնք Հայաստանում դեռ զարգացած չեն։

«Այստեղ չկան մի շարք բույսեր, որն առողջություն է, կամ բանջարեղենի տեսակներ, որ Հնդկաստանում կան, այստեղ չկան։ Ասում եմ՝ սերմերը բերեք ու փորձեք աճեցնել դրանք Արարատյան դաշտավայրում, Ղարաբաղում։ Թող գան, ներդրումներ անեն, գումարներ ծախսեն Հայաստանում, դրանից միայն այս երկիրը կշահի»,- ասում է նա։

Սանտոշ Կումարիի բոլոր բարեկամներն ու ազգականները Հնդկաստանում են։ Վերջին անգամ նրանց այցելել է չորս տարի առաջ։

«Ընդմիշտ վերադառնալու մասին չեմ մտածել։ Ինձ համար երջանկությունը այնտեղ է, որտեղ իմ կարիքը կա։ Ես իմ երեխաներին էլ եմ ասում, եթե պետք եմ` գամ, եթե ոչ՝ ապա մեկ ուրիշը հաստատ իմ կարիքն ունի։ Ինձ չի ուրախացնում այն տարածքը, որտեղ ապրում եմ, կլինի դա Հայաստանում թե Հնդկաստանում, ինձ ուրախացնում են մարդկանց դեմքի ժպիտը, նրանց ներսի ուրախությունը։ Իմ վերջնանպատակն է այս ազգին երջանիկ տեսնելը, ու դրա համար ամեն ինչ անում եմ»,- բացատրում է Սանտոշ Կումարին՝ իրեն համարելով հայերի մի մասնիկը։

Լուսանկարը՝ «Չայխանա»

Գայանե Մկրտչյան

MediaLab.am