Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ավարտում է մարզիկի կարիերան։
Ահա և վերջ… Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:
Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:
23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…
Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ:
Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է: Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:
Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին: Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:
Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:
Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով: Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել:
Շարունակե՛ք նույն ոճով: Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին: Հանրագումարի բերելով նվաճումները.
Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):
Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ
Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ
Երիտասարդների աշխարհի չեմպիոն
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ
Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ
ԵՊՀ Ոսկե մեդալ
ՀՀ 2012թ լավագույն մարզիկ
Սպորտի վաստակավոր վարպետհ.գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին։