Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչո՞ւ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը․ FIP.am

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստին, ի պատասխան ավագանու անդամների մտահոգությունների, որ Աջափնյակ համայնքում կանաչ տարածքներ են ոչնչացվում և համատարած ապօրինի կրպակաշինություն է տեղի ունենում, քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ այդտեղ զինված բանդա է գործում, կրպակները տեղադրվում են գիշերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ:

Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած տարբեր տիպի մարմիններից, վերջացրած դատարաններով»,- նշել էր քաղաքապետը։

Զինված բանդայի մասին հայտարարությունից հետո դատախազությունն ուսումնասիրություն էր սկսել, և գործն ուղարկվել էր Մաշտոցի բաժին՝ նյութեր նախապատրաստելու։

Միաժամանակ, քաղաքապետարանը սկսել էր ոչ միայն Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում, այլ նաև այլ վարչական շրջաններում մի շարք կրպակներ ապամոնտաժելու գործընթացը։

Մինչդեռ նկատելի է, որ քաղաքապետարանի ինքնակամ կառույցներն ապամոնտաժելու ակտիվ ջանքերը ոչ բոլոր ապօրինի կառույցներին են վերաբերում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ հերթականությամբ ու սկզբունքով է գործընթացն իրականացվում և ինչու՞, օրինակ, Աջափնյակ համայնքի Մարգարյան 14 հասցեի դիմաց՝ ուղիղ ավտոբուսի կանգառի վրա ամիսներ առաջ հապշտապ կերպով տեղադրված հերթական կրպակը մինչ օրս կանգուն է, եթե այն ևս ապօրինի է և առավել քան խոչընդոտում է հանրային շահը։

Երևանի քաղաքապետարանից, ի պատասխան մեր հարցադրմանը, հայտնեցին, որ կրպակը, այո՛, ապօրինի է, և այն ապամոնտաժելու որոշում ևս կայացվել է, սակայն սեփականատերն օգտվել է օրենսդրական հնարավորությունից, դիմել դատարան՝ բողոքարկելով քանդման որոշումը:

Նշենք, որ այս մասին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր ավագանու նիստերից մեկում բողոքել, որ օրենսդրական բացեր կան, որոնք հաճախ թույլ չեն տալիս արագ կերպով քանդել ակնհայտ ապօրինի կրպակները, և շատ դեպքերում ապօրինի կառուցապատում իրականացնողները օգտվում են այդ բացից և դիմում են դատարաններ՝ բողոքարկելով քանդման որոշումները:

Ունի՞ արդյոք կապ դատարանն ապօրինի կառույցների կրիմինալ սխեմայի հետ

Այսպես, ըստ քաղաքապետարանից ստացված տեղեկանքի՝ Աջափնյակ համայնքի Մարգարյան 14 հասցեի դիմաց՝ ուղիղ ավտոբուսի կանգառի վրա տեղադրված կրպակը քանդելու քաղաքապետի որոշումը կրպակատիրոջ փաստաբան Արթուր Ապիկյանի կողմից Վարչական դատարանում բողոքարկվել էր մարտի 30-ին: Անմիջապես հետո՝ ապրիլի 1-ին, դատարանը, ի դեմս դատավոր Գևորգ Սոսյանի, հայցը վարույթ էր ընդունել:  

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նույն օրը դատարանը թիվ ՎԴ /2940/05/21 գործով կիրառել էր հայցի ապահովում, այն է՝ արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կանգառի վրա կառուցված կրպակը:

Երևանի քաղաքապետարանը, ստանալով դատարանի որոշումը, արդեն հունիսի 22-ին դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ վերացնել հայցի ապահովման միջոցը, այսինքն՝ թույլ տալ քանդել կրպակը: Մինչդեռ այս միջնորդությամբ նիստը կայացել է հուլիսի 7-ին՝ քաղաքապետարանի դիմումից միայն 15 օր հետո: Ընդ որում, դատարանը դեռ չի հրապարակել միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը, այսինքն՝ կանգառի վրա կառուցված կրպակի ապամոնտաժման արգելքը դեռ ուժի մեջ է:

Այլ կերպ ասած, դատավոր Գևորգ Սոսյանը կասկածելի հրատապությամբ որոշում էր կայացրել և արգելել քաղաքապետարանին քանդել կրպակը: Սա այն դեպքում, երբ շատ ժամանակ քաղաքացիները բողոքում են, որ դատարաններն իրենց ներկայացրած հայցերը ամիսներով չեն քննում՝ գերծանրաբեռնվածության պատճառով: Բացի այդ, եթե դատավոր Սոսյանին ընդամենը մեկ օր էր պետք՝ ապօրինի կրպակատիրոջը ձեռնտու որոշում կայացնելու համար, քաղաքապետարանի միջնորդությունը քննելու հարցում նա այդքան էլ շտապելու պատճառ կարծես չունի:

Փաստերի ստուգման հարթակ