Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատավարությունը։ Գործը քննվում է Վահե Միսակյանի վարույթում, գրում է Factor.am-ը։
Նիստի սկզբում պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Միջնորդության հիմքում պաշտպանը նշեց, որ նախաքննության ողջ ընթացքում Մանուկյանը չի խուսափել գործի քննությունից և պատշաճորեն ներկայացել է նախաքննական մարմնին։
Մեղադրող դատախազ Ստեփանյանն առարկեց ներկայացված միջնորդությանը։ Ըստ նրա՝ դեռևս չեն վերացել առանց հարգելի պատճառով չներկայանալու և այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքները։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի 16։00-ին։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, Քննչական կոմիտեում հրաժարվել է ցուցմունք տալ։ Ըստ նրա՝ իր հայտարարությունները Հայաստանի Սահմանադրությունը չեն խախտել։