«Երեկվանից հայտնվել եմ «Հայաստան» դաշինքի ֆեյքային ֆաբրիկայի գրոհների տակ». Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը

Տիկի՛ն Սամսոնյան, ձեր գրառումը՝ ի պատասխան «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, շատ բուռն արձագանք գտավ նրա թիմակիցների ու աջակիցների շրջանում, և սկսեցին ձեր քաղաքական թիմին տարբեր մեղադրանքներ ներկայացնել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքներին:

– «Լուսավոր Հայաստանն» ընտրություններից հետո ընդունել է իր պարտությունը և բոլոր քաղաքական ուժերին մաղթել բեղմնավոր աշխատանք խորհրդարանում:

Վերջին մեկ շաբաթում նկատում ենք, որ մարդիկ, որոնք երազում էին ԱԺ-ում ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի մանդատները ստանալ, ստացել են, բայց շարունակում են զբաղվել ԼՀԿ-ով և ԲՀԿ-ով՝ տարածելով զրպարտություն, սուտ ու կեղծիք:

Երեկվա իր ելույթում երկրորդ նախագահն ասում է, որ իրենք վերականգնելու են մարդկանց հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, քանի որ վերջին տարիներին ընդդիմությունը գործարքի է գնացել իշխանության հետ:

Եթե ինձ համարում եմ անպատասխանատու և անլուրջ մարդ՝ մտածելով, որ ինձ կարելի է ասել ամեն ինչ, ես կհայտարարեմ, որ «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը առաջիկայում կգնան բազմաթիվ գործարքների իշխանության հետ, որպեսզի լուծեն իրենց քրեական հետապնդումների հարցը, և տեսնեմ՝ հաճելի կլինի՞ այդ մարդկանց լսել նման բան:

Սա ուղղակի անընդունելի է, զրպարտություն ու կեղծիք է, և եթե որևէ մեկը կարծում է, որ մենք գնացել ենք գործարքի, և այդ մասին հայտարարում է՝ անպայման թող ներկայացնի անհերքելի ապացույցներ, եթե ոչ՝ ինձ համար այդ մարդը անլուրջ անձնավորություն է և ոչ մի բանով չի տարբերվում իշխանությունից:

Այս մարդիկ պետք է հասկանան, որ «Լուսավոր Հայաստանի» հասցեին հնչեցրած որևէ մեղադրանք երբեք անպատասխան չի մնալու, ու թող չբողոքեն:

Երեկվանից մինչև այս ժամը հայտնվել եմ «Հայաստան» դաշինքի ֆեյքային ֆաբրիկայի գրոհների տակ: 200 և ավելի ֆեյք արգելափակել եմ իմ էջում, մարդիկ, որոնք բողոքում են իշխանության ֆեյք ֆաբրիկայից, կիրառում են նույն գործիքներն իրենց մրցակիցների հանդեպ և ինչո՞ւ են ասում, թե իրենք ավելի լավն են, քան իշխանությունը:

-Հիմնական մեղադրանքներից էին, որ ձեր քաղաքական թիմը, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, խորհրդարան է անցել բնավ ոչ քաղաքացիների քվեի շնորհիվ, և որ դուք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու փոխարեն փնտրում էիք երրորդ ճանապարհ:

– Մեզ տրված քվեներն արձանագրվել են ընտրական տեղամասերում, ինչպես՝ «Հայաստան» դաշինքինը: Բայց ի տարբերություն մեզ, «Հայաստան» դաշինքը իր քվեները վաստակել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որը Ռոբերտ Քոչարյանին սարքեց իր գլխավոր ընդդիմախոսը և Քոչարյանի շուրջ հավաքեց իրեն չսիրողներին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անուղղակի գործարքի մեջ մտավ Ռոբերտ Քոչարյանի հետ:

ՍԴ-ի մասով ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հոդվածը վերացրեց հենց Փաշինյանի փոխած Սահմանադրական դատարանը, սա արդյոք գործարք չէ՞ր: Ես էլ կարող եմ մտածել, որ սա գործարք է եղել իշխանության և Քոչարյանի միջև, որպեսզի նրան մտցնեն ընտրական գործընթացների մեջ և իրենց համար դարձնեն ընդդիմախոս:

ՍԴ-ից բողոքելու որևէ տեղ այդ մարդիկ չունեն, իսկ մենք ժամանակին մեր գործն այս մասով կատարել ենք՝ որպես խորհրդարանական ուժ դիմել ենք ՍԴ, թե ե՞րբ և ինչու՞ ենք դիմել՝ հստակ պատասխանները հնչեցրել ենք:

Երբ մենք ասում էինք, որ խնդիր կա ժամկետների առումով, որպեսզի դա չխառնվի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, նրա փաստաբանները ստում էին, որ իրենք գործը հետ են վերցրել ՍԴ-ից, և մենք այդ մասով մտահոգվելու խնդիր չունենք:

Իրենք խառնվելով իրենց ստի ու կեղծիքի մեջ՝ շարունակ մեզ մեղադրանքներ են հնչեցնում: Ուզում եմ հասկանալ՝ հոկտեմբերի 27-ն ե՞նք մենք արել, մարտի մե՞կն ենք մենք արել, իշխանությո՞ւն ենք եղել և երկրի բյուջեն դատարկել, ի՞նչն ենք մենք արել:

Իսկ այդ մեղադրանքներն ինչո՞վ եք բացատրում, ինչո՞ւ հենց ձեր թիմին, ոչ թե ԲՀԿ-ին, որն այս առումով, կարծես, լուսանցքում է հայտնվել:

– Մենք լուսանցքում երբեք չենք մնա, և սա է նաև այդ ուժերի մտավախությունը: Մեզ միշտ դիտարկել են մրցակից, մենք առողջ ուժ ենք, հասկանո՞ւմ եք, կարող ենք միշտ մրցակից լինել իշխանությանը և հեռանկարային ենք այդ առումով, որովհետև մենք մերժված չենք, իսկ այս մարդիկ մերժված են, մերժված եկել են մտել ընտրական գործընթացների մեջ՝ հերիք չէ, իշխանություն էին ուզում վերցնել, մի հատ էլ առողջ քաղաքական ուժերի հետևից են ընկել:

Մենք բավականին մեծ հնարավորություններ ու հեռանկարներ ունենք, և սրանից է, որ այդ քաղաքական ուժերը պարզապես սարսափում են:

Տիկի՛ն Սամսոնյան, Ռոբերտ Քոչարյանն ասաց նաև, որ այս ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը չհանգուցալուծվեց, քանի որ ճգնաժամի պատճառ հանդիսացած ուժը կրկին իշխանության է, և կանխատեսեց, որ 1,5 տարուց ունենալու ենք արտահերթ ընտրություններ: Համակարծի՞ք եք:

– Մի կողմ թողնելով փաստը, որ իշխանության ապաշնորհ կառավարումը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի, ուզում եմ ասել, որ վերջին շրջանում քաղաքական ճգնաժամի գլխավոր դերակատարները հենց իրենք էին:

Մեր երկրի համար շատ վտանգավոր օրերին, երբ բազմաթիվ արտաքին մարտահրավերներ կային ծառացած, այդ մարդիկ ներքաղաքական ցնցումներ էին ստեղծում երկրում, սրա համար մենք գնացինք արտահերթ ընտրությունների:

Եթե պետք է շարունակեն ներքաղաքական ցնցումներ ստեղծել երկրում, ուրեմն նրանց պետք է ընդամենը մեկ բան, որում միշտ համոզված եմ եղել, իշխանություն և աթոռ:

Իմ գրառման մեջ հատուկ էի նշել, որ Շուշի և Հադրութ գոռալով՝ դուք վաստակեցիք մանդատ: Իրենց պետք էր այսկերպ խաղալ մարդկանց հույզերի հետ ու ստանալ մանդատ: Հիմա ստացել են այդ մանդատը, իրենց մաղթում ենք հաջողություն, թող ԼՀԿ-ի և խորհրդարանական նախկին ընդդիմության հետ կռիվ չտան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am