ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցումը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ հուլիսի 22-ի արտահերթ նիստում ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Որոշմամբ ուժը կորցված են ճանաչվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Սուրեն Պապիկյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի, Անահիտ Ավանեսյանի, Արմեն Փամբուխչյանի, Դիանա Գասպարյանի, Գնել Սանոսյանի, Համբարձում Մաթևոսյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Հարությունյանի, Արարատ Գրիգորյանի, Դավիթ Գևորգյանի, Նարեկ Մկրտչյանի, Հակոբ Սիմիդյանի գրանցումները, ինչպես նաև «Հայաստան» դաշինիքի ընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Մարիաննա Եփրեմյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի գրանցումները:

Այսպիսով ՔՊ-ից ինքնաբացարկ էր ներկայացրել 17 անձ, «Հայաստան» դաշինքից՝ 3: Որոշման նախագիծն ընդունվեց 7 կողմ ձայներով:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2021-ի հունիսի 20-ին : Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: