Ֆրանսիայից պաշտպանական օգնություն ակնկալել Ադրբեջանի, առավել եւս Թուրքիայի դեմ, իրատեսական չէ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դարձյալ Ֆրանսիա, մի փոքր «սառը ջրով» ։

Երբ մեջբերում ենք պաշտպանական ոլորտում Հայաստանի հայտերը քննելու պատրաստակամության մասին Ֆրանսիայի դեսպանի խոսքը, դրա վրա կառուցելով ուր որ է անգամ ՆԱՏՕ անդամ դառնալու հնչեղություն (կատակ է) , ապա արժե թերեւս նկատել խոսքը ամբողջությամբ, մասնավորապես դրա մի առանցքային մաս՝ «Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելը և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»:

Ոգեւորությունը սառը ջրով չկտրեմ, բայց դեսպանը բավական պարզ ասում է, որ Ֆրանսիայից պաշտպանական օգնություն ակնկալել Ադրբեջանի, առավել եւս Թոււրքիայի դեմ, իրատեսական չէ:

Ֆրանսիան պարզապես առաջարկում է քաղաքական գործիքակազմ, այդ թվում՝ այո, պաշտպանական ոլորտի վերաբերյալ քննարկումների հնարավորությամբ: Որովհետեւ Ֆրանսիան այս ռեգիոնով հետաքրքրված է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ իր համար, եվ Հայաստանին առաջարկներն արվում են ելնելով այդ հաշվարկային մեկնակետից:

Ու դա միանգամայն նորմալ է, եւ բոլորովին քիչ չէ՝ արդյունավետ օգտագործել կարողանալու պարագայում: Պարզապես արդյունավետության նախապայմանը առաջարկների ընկալման ռացիոնալությունն է: Ավելին, Ֆրանսիան առաջարկում է երկարաժամկետ եւ լայն հեռանկարի շուրջ քննարկում, այլ ոչ՝ այսօր եւ վաղը շրջանագծով:

Ու երկարաժամկետ քաղաքական այդպիսի կոնկրետ քննարկումների առաջարկի առկայությունը Հայաստանի համար գուցե նույնիսկ բացառիկ իրողություն է, այս պահին, որ պետք է ընդունել, մշակել, մարսել եւ մեր փաթեթը ձեւավորել հանգիստ եւ հետեւողական: