Երևան-Բաթումի-Երևան գնացքին տրվել է ֆիրմային կատեգորիա և «Արմենիա» անվանումը

2021 թվականի հուլիսի 22-ին, Երկաթուղային օրվա նախաշեմին, Երեւանի երկաթուղային կայարանում իրականացվեց Երեւան – Բաթումի – Երեւան գնացքի սերտիֆիկացում:

Այդ մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղուց։ Հանձնաժողովը, որի կազմում էին Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի Տնօրինության փոխնախագահ Օլեգ Նիկիտինը, «Վրացական երկաթուղի» ԲԸ ուղեւորափոխադրումների մասնաճյուղի տնօրեն Դաչի Ցագուրիան, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարանը, ստուգել է գնացքը `«ֆիրմային»կատեգորիայի գնացքների համար նախատեսված ուղեւորափոխադրումների պայմաններին համապատասխանելու համար:

Հարավկովկասյան երկաթուղում շահագործվող ուղեւորատար վագոնները արտադրվել են 2021 թվականին Տվերի վագոնաշինական գործարանում եւ վերջին մոդելային շարքից են:

Վագոնները հագեցած են ռուսական արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաներով եւ համապատասխանում են ֆիրմային կատեգորիայի գնացքների բոլոր պահանջներին:

Հաստատող վկայականը հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո հանձնվեց ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանին: