Մենք կորցրել ենք լեգենդար արտիստի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

Մենք կորցրել ենք լեգենդար արտիստի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
Մենք կորցրել ենք լեգենդար արտիստի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

«Մենք խորը կսկիծով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն ամբողջ աշխարհում ճանաչված լեգենդար արտիստ էր, այլ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամը»:  

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հրապարակած իր ուղերձում ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը:

Ազուլայը նշել է, որ Ազնավուրի «հռչակավոր արվեստը, որ հանրահայտ էր տարբեր սերունդների ներկայացուցիչների շրջանում, առաջ է անցել ժամանակից ու սահմաններից»:

«Մեծ հոգու տեր եւ իր գործի նվիրյալ արվեստագետը հայտնի դարձավ իր երգերի շնորհիվ, որոնք շարունակելու են ապրել մեր մեջ դեռ երկար ժամանակ, էլ չասած՝ հայտնի ռեժիսորների ֆիլմերում նրա ակնառու դերակատարումները:

Բացի ուրույն եւ, միևնույն ժամանակ՝  բազմազան ստեղծագործական գործունեությունից՝ Շառլ Ազնավուրն ամբողջությամբ նվիրված էր հանրությանը: Մենք, մասնավորապես, հիշում ենք, թե ինչպես 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո նա մոբիլիզացրեց միջազգային ջանքերը:

Նա եղել է Հայաստանի անխոնջ դեսպանը, իսկ 1995 թվականին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպանը եւ մշտական ներկայացուցիչը:

Նա միշտ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամն ու պաշտպանը, մեր ընկերության մարդասիրական արժեքների, մշակութային բազմազանության եւ երիտասարդ մարդկանց կրթվածությունը՝ որպես նախապաշարմունքներից պաշտպանվելու լավագույն միջոց կարևորելու ջատագովը:

Շառլ Ազնավուրը նաեւ ֆրանկոֆոնիայի հանրահռչակումը դարձրեց իր գլխավոր առաջնահերթություններից մեկը: Մենք անհամբեր սպասում էինք նրա հետ հանդիպմանը եկող շաբաթ՝ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուղերձում: