Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել.Factor

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մանրամասներ է հայտնել Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա հարձակումից։

Factor.am-ի հետ զրույցում Թադևոսյանն ասաց․ «Դանակահարություն է տեղի ունեցել, նրան դանակի 11 հարված են հասցրել, Արման Անտոնյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում»։

Թադևոսյանի փոխանցմամբ՝ այս պահին քննիչները մեկնել են հիվանդանոց, առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի, երբ նրանք վերադառնան։

Դեպքի առիթով գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը) , 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ)։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ին մոտ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան. այս մասին տեղեկացրել էր ավագանու նույն խմբակցության անդամ Արման Գալջյանը:

Արման Անտոնյանի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, սակայն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արման Անտոնյանի վիճակում այսօր արդեն դրական դինամիկա է նկատվել։