Երևանի ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարվել. ՔԿ-ն մանրամասնում է

Օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանն է, իսկ մյուսը՝ վերջինիս պապն է՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ ծնված 1934թ.:

Նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝  վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: