Խախտվել է շուրջ 25 հազար դպրոցականի և 6000 նախադպրոցական տարիքի երեխայի կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով կրթության իրավունքի խախտման և ներկայում ուսումնական գործընթացի կազմակերպման մանրամասները:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ խնդիրների հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից: Նրա խոսքով՝ ընդհատվել է շուրջ 25 հազար դպրոցահասակ և ավելի քան 6000 նախադպրոցական տարիքի երեխաների կրթության իրավունքը: 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու անվտանգության ապահովման խնդիրը՝ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 172 դպրոցներին նախորդ շաբաթ տրամադրվել է հարկադրված արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ շաբաթ այս բնակավայրերի ուսհաստատությունները չեն գործել, սակայն այսօրվանից ուսումնական գործընթացը վերականգնվել է:

«Մենք հետևել ենք գործընթացին և մեր գործընկերների հետ կապի մեջ լինելով՝ որոշել ենք, որ երեք մարզերի դպրոցներն երկուշաբթի օրվանից կվերականգնեն իրենց աշխատանքները: Այն դպրոցներում, որտեղ անվտանգության ապահովման տեսանկյունից կա համապատասխան հնարավորություն, դասապրոցեսը կկազմակերպվի առկա եղանակով, իսկ այն բնակավայրերում, որտեղ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ առկա ուսուցման հնարավոր չէ վերադառնալ, կրթությունը կիրականացվի հեռավար ձևաչափով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց (հիմնականում՝ Վարդենիսի տարածաշրջանում), իսկ Վայոց ձորում՝ 3 դպրոց. մնացած դպրոցներում դասերը կընթանան բնականոն հունով` առկա ձևաչափով: Սյունիքի մարզում առկա ուսուցման կանցնի 5 դպրոց. մնացած դպրոցներում դասերը կլինեն հեռավար:

«Ցավոք, ոչ միայն համավարակի հետևանքով մեր դպրոցները կուտակել են հեռավար կրթության փորձառություն. ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքների դպրոցներն անցում էին կատարել հեռավար կրթության, որի ընթացքում ուսհաստատություններն ապահովվել էին անհրաժեշտ սարքավորումներով: Այս պահին դպրոցների կարողությունները բավարար են, սակայն մենք խնդիր ունենք օր առաջ վերադառնալ առկա ուսուցման՝ իհարկե, առաջին հերթին հաշվի առնելով անվտանգային իրավիճակը»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ ժամանակավոր տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաների ուսուցումն այս միջանկյալ ժամանակահատվածում կիրականացվի հեռավար՝ այդ ընտանիքներին մեծ անհարմարություն չպատճառելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վերոնշյալ բնակավայրերում  նախադպրոցական հաստատությունները հիմնականում չեն գործում. Սյունիքի մարզի շատ բնակավայրերում դրանք աշխատում են:

Նախարարի տեղակալը մանրամասնել է, թե ինչու է որոշում կայացվել այլևս չերկարաձգել արձակուրդը, այլ անցնել հեռավար ուսուցման. «Սա հետագայում խնդիրներ է առաջացնում երեխաների ծանրաբեռնվածության և դպրոցի աշխատանքների կազմակերպման առումով, սակայն այս օրերին դպրոց գնալը կարևոր է նաև երեխաների սոցիալական հաղորդակցման, հոգեբանական աջակցության և սթրեսային իրավիճակի հաղթահարման տեսանկյունից: Դպրոցները շատ կարևոր գործառույթ են իրականացնում ամբողջ երկրում, որովհետև երեխաներն ունեն բազում հարցեր, դրանց պատասխաններն իրենց տարեկիցների և ուսուցիչների հետ քննարկելու և շփվելու կարիք»,- նշել է փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ դեռևս 2020 թվականի պատերազմից հետո գործընկերների աջակցությամբ բոլոր դպրոցների ուսուցիչներն անցել են վերապատրաստման ծրագիր՝ երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Բացի դրանից, ըստ Ժաննա Անդրեասյանի, բոլոր մարզերում գործում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք անհրաժեշտության դեպքում կցուցաբերեն համապատասխան օգնություն. «Մենք խիստ կարևորում ենք հոգեբանի աշխատանքը, այդ նպատակով ֆինանսավորման նոր կարգով  բոլոր դպրոցներում այս հաստիքը պարտադիր ենք դարձրել»:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու համայնքների՝ Սոթքի և Այրքի դպրոցների շենքերը վնասվել են. «Բնականաբար, շատ արագ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ՝ պատճառված վնասի վերացման ուղղությամբ, սակայն խիստ մտահոգիչ է, որ թիրախավորվել են ուսումնական հաստատություններ, ինչն անթույլատրելի է և միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր նորմերի ու կոնվենցիաների խախտում է»,- փաստել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ այս տվյալները ԱԳՆ-ի միջոցով փոխանցվել են միջազգային կառույցներին: