Ավագանու դանակահարված անդամը տեղափոխվել է այլ հիվանդանոց, նրան միացված է արհեստական շնչառության սարք

Օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այդ մասին տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», նշել է նա:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ 2021 թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա. Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի: