Ներողություն եմ խնդրում ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպի կապակցությամբ․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ներողություն եմ խնդրում ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպի կապակցությամբ։ Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն ներողություն խնդրել նաև ԱԺ խորհրդարանական ընդդիմության անունից՝ ենթադրելով, որ նրանց կողմից դժվար թե նման խոսքեր հնչեն։

ԱԺ ձևավորմանը բազմաթիվ կարևոր նախագծեր են սպասում, որոնք պետք է հնարավորինս արագ հաստատվեն և փոխեն մեր քաղաքացիների կյանքի որակը, նպաստեն մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։ Ցավոք, ընդդիմության տեղում հայտնված ուժերը ոչ թե առաջնորդվում են հանրային բարիքի ստեղծման օրակարգով, այլ հիմնականում այդ օրակարգերը խափանելով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները քաջ գիտակցում են, որ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել Ազգային Ժողովը, և սկսել բնականոն աշխատանքները։ Եւ այս իմաստով մենք շարունակելու ենք մեր զուսպ և հավասարակշիռ պահվածքը, միևնույն ժամանակ համաչափ արձագանքելով խորհրդարանական ընդդիմության որոշ անդամների սադրիչ, տեղ-տեղ լկտի, երբեմն անդաստիարակ կամ չարաճճի պահվածքին։

Որևէ մեկին չի հաջողվելու խափանել մեր երկրի զարգացմանն ու անվտանգությանն ուղղված օրակարգերը»։