«Չպետք է թույլ տանք, որ «քաղաքական ռասիզմ» զարգանա, բայց սա ինդուլգենցիա չէ». Ինչու է վարչապետը նախկին փոխոստիկանապետին նշանակել մարզպետ

«Չպետք է թույլ տանք, որ «քաղաքական ռասիզմ» զարգանա, բայց սա ինդուլգենցիա չէ». Ինչու է վարչապետը նախկին փոխոստիկանապետին նշանակել մարզպետ
«Չպետք է թույլ տանք, որ «քաղաքական ռասիզմ» զարգանա, բայց սա ինդուլգենցիա չէ». Ինչու է վարչապետը նախկին փոխոստիկանապետին նշանակել մարզպետ

«Գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին: Որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ: Ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչ ենք անում և ինչու»:

Այսօր տեղի ունեցած Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես է անդրադարձել այն հարցին, թե ինչու է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ:

Նշենք, որ Պողոսյանի նշանակումը, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանք է ստացել հանրության շրջանում. մարդիկ տարակուսած են, թե ինչպես են նախկին իշխանությունների ուժային հենարաններից մեկին այսօր նման պաշտոն վստահել:

Փաշինյանը այդ կապակցությամբ նշել է, որ Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ ունեցած ելույթում ուրվագծել է հետհեղափոխական ժամանակների տրամաբանությունը, եւ այդ համատեքստում ամենակարևոր խնդիրը այն է, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որ պետք է ավարտված համարել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, և Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում:

«Այս իմաստով ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում: Այս տրամաբանության մեջ մենք Հայաստանի Հանրապետությունում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի հետապնդումների, վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ նրանք պաշտոնավարել են, գործունեություն են ծավալել, առնչություն են ունեցել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ: Մեր կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր նույնպես այդպիսի առնչություններ ունեցել են: Ես կարծում եմ, որ մոտենում է, գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: Ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ լիարժեքորեն զբաղված լինելով կառուցողական աշխատանքով, զբաղված լինելով մեր զարգացման օրակարգը սպասարկելով:
Ուզում եմ ընդգծել, որ այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: Ընդ որում, նկատի ունեմ և գործող պաշտոնյաներին, և նախկին պաշտոնյաներին: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դա վերաբերում է բոլորին»,- ասել է Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, թե սա չի նշանակում նաև, թե փակվում է կառավարությունում կադրային փոփոխությունների, պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը:

Ընդհակառակը, ըստ նրա, այսօր էլ կառավարման համակարգի 90 և ավելի տոկոսը նույն մարդիկ են, ովքեր նախկինում եղել են այդ նույն կարգավիճակներում:

«Այսինքն՝ մեր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: Ո՞րն է այստեղից մեր եզրակացությունը: Մեր եզրակացությունն այն չէ, որ այդ 90 տոկոս մարդկանց պետք է հանել և նոր 90 տոկոս մարդ բերել, բայց մեր եզրակացությունը նաև այն չէ, որ այդ 90 տոկոսին պետք է թողնել անձեռնմխելի, և նրանք պետք է շարունակեն աշխատել, մանավանդ, որ այս ընթացքում ես ուղիղ եմ ուզում ասել, ակնհայտ է, որ այդ 90 տոկոսի մեջ կա բավականին մեծ տոկոս, որն ամենևին ցանկություն չունի աշխատել, ոմանք նույնիսկ ցանկություն ունեն այնպես անել, որ ուրիշները չկարողանան աշխատել: Ես այդ բառը չեմ ուզում օգտագործել, բայց ակնհայտորեն կան նաև որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տվող երևույթներ: 
Այսօրվա երեք մարզպետների նշանակումը սիմվոլիկ եմ համարում. նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, պարոն Պողոսյանը հեղափոխության ընթացքում բարիկադների կամ փշալարերի մյուս կողմում էր, ինչպես պարոն Օսիպյանը, պարոն Վանեցյանը և մեր հարգելի այլ գործընկերներ, երրորդ մարզպետը՝ պարոն Մաթևոսյանը, ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող կամ քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է: Այս առումով, մենք ուրվագծում ենք նաև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզնից որևէ մեկը՝ և գործող, և չգործող պաշտոնյաներից և որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում անձռենմխելի չէ: Եվ մենք պետք է հասկանանք, որ մեզնից որևէ մեկի պաշտոնավարումը, նշանակված կամ ազատված լինելը չի կարող մեկնաբանվել որպես առավելություն, թերություն կամ խոցելիություն օրենքի առաջ: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու մեր երկրի ներուժը, և այն ծառայեցնելու մեր պետության ու ժողովրդի ապագային»,- ասել է Փաշինյանը: