Վիճակիս մեջ դրական դինամիկա եմ նկատում, հուսամ՝ շուտ ոտքի կկանգնեմ․ Վահան Շիրխանյանն ուղեղի կաթված է ստացել․ Factor.am

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է։ Այս հիմքով նրա գործով դատական նիստը  հետաձգվել էր, գրում է Factor.am-ը։

Factor.am-ը կապ հաստատեց Շիրխանյանի հետ, վերջինս դժվարությամբ էր կարողանում խոսքերն արտաբերել։ Նախկին փոխնախարարը միայն հայտնեց, որ ուղեղի կաթված է ստացել, ինչի հետևանքով խնդիր է առաջացել աչքի հատվածում․

«Հիվանդանոցում չեմ, տանն եմ, բայց արդեն 10 կաթիլային ներարկում ստացել եմ, վիճակիս մեջ դրական դինամիկա եմ նկատում, հուսամ՝ շուտ ոտքի կկանգնեմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանն անցնում է առավել հայտնի «Նորքի զինված խումբ» անունով քրեական գործով։ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: 

Հարուցված քրեական գործով, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: 

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Գործը դատարանում է 2016 թվականից։ Այն ի սկզբանե քննել է դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն շուրջ երեք տարի անց դեռևս դատական ակտ չկայացրած, վերջինս տեղափոխվել է Վերաքննիչ դատարան, գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։