Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է:
Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով` Ալբերտ Ազարյանին նվիրված արձանը վկայությունն է պետության կողմից լեգենդար մարմնամարզիկի կյանքի ու գործունեության նկատմամբ գնահատանքի:
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից: