ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խոսել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին անդրադարձել է Ստամբուլի Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ահլամ ալ Սալամին նշել է, որ այս վայրը մեծ պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը:

-Հուլիս ամսին Թուրքիան հայտարարություն տարածեց, որ որոշում է կայացվել Ստամբուլում գտնվող հանրահայտ «Այա Սոֆիան» վերածել մզկիթի, և ինչպես Բարձրագույն իշխանությունն է նշում՝ Այա Սոֆիան 86 տարի առաջ անօրինական կերպով էր վերափոխվել թանգարանի։ Ի՞նչ կարծիք ունեք այս իրադարձության վերաբերյալ, տիկին ալ Սալամի։

-Նախ և առաջ կցանկանայի նշել, որ ԱՄԷ-ն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դեռևս 1971թ․ Էմիրությունների միավորումից 4 ամիս անց և այսօր էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է։ Էմիրություններն իր հավատարմությունն է վերահաստատում այդ կառույցին նաև այս հարցում։ Ինչպես նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր տարածած հայտարարության մեջ․ «Այա Սոֆիան համարվում է պատմական Ստամբուլի մի մասը, և այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայի ժառանգության ցանկում՝ որպես թանգարան։ Այն ճարտարապետական գլուխգործոց է և դարերի ընթացքում Եվրոպայի և Ասիայի փոխազդեցության եզակի վկայություն»։

-Իսկ ինչպիսին է ԱՄԷ-ի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի՝ Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ։

-ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նուրա ալ Քաաբին անդրադարձել է Թուրքիայի այս որոշմանը՝ նշելով, որ Ստամբուլում «Այա Սոֆիայի» կարգավիճակի փոփոխությունը կատարելիս հաշվի չի առնվել պատմական վայրի համամարդկային արժեքը, որը միշտ ձևավորել է համաշխարհային ժառանգություն, մշակութային և ժառանգական արժեք, այն եղել է կամուրջ՝ ժողովուրդներին մերձեցնելու և նրանց միջև ընդհանուր կապերը ամրապնդելու համար։

Կարծում եմ, որ այս վայրը մեծ պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը, քանի որ այս թանգարանը տարբեր կրոնների հարուստ պատմությունն էր, քրիստոնեության և իսլամի երկխոսության խորհրդանիշն էր։

Ինչպես նաև, պետք է նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգը համահունչ է ԱՄԷ-ի` հանդուրժողականության, կրթության, խաղաղության, զարգացման և ժառանգության պահպանման հանձնառությանը։ Տարիներ շարունակ ԱՄԷ-ն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազդեցիկ ֆինանսավորողներից մեկը, մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաև մշակել է նախաձեռնություններ՝ ի շահ համայն աշխարհի մարդկության։