Այդ «քաղաքացիական» նորահռչակ խմբակներից շատերի երազանքը նախկինների իշխանությունը հետ բերելն է, կերակրատաշտին կրկին մոտենալը․ Աղասի Թադեւոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին, որքանո՞վ մարդկանց մեջ արժեքային համակարգի առումով ինչ-որ բան փոխվեց։ Նախկինի պես «շնորհքով» կամ «հարգված» մարդը նա է, ով բաշարում է թալանել, ատկատներ անել, ճնշել, լավ մեքենաներով ման գա՞լ, թե՞ մարդկանց մեջ այդ առումով բան է փոխվել։

– Պարզ է, որ մեկ տարում շատ արմատական, բեկումնային բաներ չէին կարող լինել արժեքային ընկալումների մեջ, որովհետև արժեքներն էությամբ շատ կայուն և դանդաղ փոփոխվող երևույթներ են։ Իհարկե, այն, ինչ ընդհանուր առմամբ տեղի է ունենում Հայաստանում՝ սկսած 2018-ի իշխանության որակական փոփոխությունից, որը երբեմն անվանում ենք հեղափոխություն, հիմնականում դրական է: 

Այն խոր անհուսությունը, ապագայի հանդեպ հավատի բացակայությունը, որ գոյություն ուներ մինչև թավշյա հեղափոխությունը, փոխվում է։ Հատկապես երիտասարդության մեջ է այդ փոփոխությունը նկատվում։ Անցած տարի մի քանի մարզերում անցկացրել եմ որակական հետազոտություն և կարող եմ ասել, որ հատկապես այն երիտասարդությունը, որն ավելի ստեղծարար բնույթի է, քան յուրացնող-կլանող, բավականին ոգևորված և աշխույժ է: Ինձ գյուղերում հանդիպել են շատ երիտասարդներ, որոնք Ռուսաստան մեկնելու փոխարեն մնացել են, վարկեր վերցրել, փոքր բիզնես են հիմնել: 

Այսինքն՝ շատ կարևոր է այն, որ ապագայի նկատմամբ հույսն ավելացել է երիտասարդության որոշակի շրջանում։ Մյուսը, որ էլի կարևոր փոփոխություն է, իշխանության բնույթի և դրա հետ փոխհարաբերվելու մասին մարդկանցից շատերի կարծրատիպերի փոփոխությունն է: 

Մարդիկ ավելի դրական են գնահատում այն իշխանությունը, որը միայն իշխանության մերձավոր «արտոնյալների» շահերին չի ծառայում: Նախկին իշխանությունների օրոք «արտոնյալներն» ունեին համարյա թե լիակատար ազատություն սովորական մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես իրենց մտքով այդ պահին կարող էր անցնել: 

Եթե ցանկանում էին որևէ տարածք «իրենցով անել», դա խնդիր չէր, կամ մարդու ձեռքից ինչ-որ բան խլել, նույնիսկ նրա բնակարանը, դա նույնպես անհնարին չէր: Հնարավոր էր նաև իրենց համար անցանկալի գործարարներին անօրինական եղանակներով ճնշելը և այլն: 

Մարդկանց մեջ արմատավորվել էր պատկերացում, թե իշխանությունը հենց այդպիսին է լինում, այսինքն՝ բռնատիրական: Այն, որ ներկայումս փոխվում է իշխանության ամենաթողության մասին պատկերացումը, և ձևավորվում են իշխանության քաղաքացիական բնույթի մասին պատկերացումներ, խիստ դրական երևույթ է։ Եվ դա տեղի է ունենում, որովհետև նոր իշխանությունն այդպիսին չէ։

– Այսինքն՝ իշխանությունն ինքն իր վարքով թելադրում է փոփոխություննե՞ր։

– Այո՛, իշխանությունն իր բնույթով, որ ինքն ավտորիտար չէ, բռնարար չէ, փոփոխությունների է բերում։ Կարևոր է, որ ներկայիս իշխանությունները ամենաբարձր մակարդակով հաճախ խոսում են բռնության դրսևորումների դեմ, մարդու իրավունքների, մարդու հիմնարար արժեք լինելու մասին, ինչը շատ արմատական կարևորություն ունի։ Իհարկե, առայժմ դա իրենց «ազգային» ու «ավանդական» հորջորջող որոշ խմբավորումներ թիրախավորում են, սակայն դա շատ դրական է ընկալվում հասարակության առաջադեմ հատվածի կողմից: 

Այն, որ իշխանությունը ամենավերին մակարդակով, քաղաքական էլիտան, ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները խոսում են և, կարևորը՝ համոզիչ են խոսում, մարդու իրավունքից, երբ վարչապետը խոսում է մարդու բարձրագույն արժեք լինելու մասին, դա մթնոլորտ է փոխում: Եվ ակնհայտ է, որ դա ձևի համար չի արվում, ինչպես նախկինում՝ ՀՀԿ իշխանության օրոք էր: Այս առումով նոր քաղաքական էլիտայի դերը արժեքների վերաիմաստավորման մեջ շատ մեծ է։ Միգուցե հասարակության լայն զանգվածներ քաղաքական էլիտայի խոսքը միանգամից չեն վերցնում, բայց դա իր ազդեցությունն ունենում է մարդկանց վրա, որովհետև բոլոր մարդիկ էլ հասկանում են, որ ավելի կարևոր է մարդը, քան սովորույթը կամ վարքագծային նորմը, ինչը հաճախ ավելի վեր է դասվում, քան մարդը: 

– Վարչապետը հայտարարում է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանում այլևս չկա։ Կոռուպցիայի դեմ պայքարը հանրության մոտ ընկալվո՞ւմ է, թե՞ ոչ։

– Իմ դիտարկումներով, այո՛, շատերի կողմից ընկալվում է։ Կոռուպցիայի դեմ պայքարը մարդիկ շատ բարձր են գնահատում։ Ոչ միայն գնահատում են, այլև իրենց վրա են զգում։

– Բայց իշխանության միջին, ստորին օղակներում դեռ կոռուպցիան պահպանվում է, և մարդիկ բախվում են դրան։ 

– Դրանք շատերը չեն: Այո՛, իշխանության որոշ շերտերում նախկինից մնացած որոշ մանր ու միջին պաշտոնյաներ դեռ կան: Հասարակության մեջ էլ կան որոշ մարդիկ, որոնք կգերադասեին կոռուպցիոն խողովակները, քան օրինական ճանապարհը: Սակայն աստիճանաբար այդ բոլոր հանգույցները քանդվում են։ Նախկին համակարգն ինչպե՞ս էր գործում. ներքևից վերև կոռուպցիոն հոսքեր կային։ Եվ դա հասնում էր մինչև ամենաբարձր իշխանություն:

Հիմա երբ երկրի բարձրագույն իշխանությունը կոռուպցիոն գործարքների մեջ չէ, համակարգը խարխլվել է: Որպես հասարակությանը կոռուպցիոն վարքագիծ պարտադրող տոտալ երևույթ դուրս է եկել։ Մարդկանցից շատերը դա խիստ բարձր են գնահատում։ Նրանք բերում են օրինակներ, թե ինչպես ինչ-որ մի գործի հետ կապված գնացել են կամ մարզպետարան, կամ քաղաքապետարան, կամ որևէ այլ պետական հաստատություն և, ինչպես ի զարմանս իրենց, արհեստական արգելքների չեն հանդիպել և դրանք վերացնելու դիմաց գումար չեն վճարել։ Բացի այդ, մեկ այլ կարևոր փոփոխություն է այն, որ մարդիկ սովորել են իրենք իրենց պաշտպանել։ Եթե նույնիսկ ինչ-որ մի պաշտոնյա փորձում է մարդուն նեղել, նա միանգամից խոսում է իր իրավունքներից։ Այսինքն՝ մարդու համարձակությունն իշխանության նկատմամբ բավականին մեծացել է։ 

– Դուք լրջորեն քննադատեցիք վարչապետի խոսքը օջախի, ընտանիքի վերաբերյալ։ Կարծում եք, որ կարգախոսների առումով դեռ փոխվելու տե՞ղ կա։

– Ես շատ սուր քննադատել եմ այդ կարգախոսը և շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ նման կարգախոսներն անթույլատրելի են։ Խոսքն այն մասին չէ, որ ընտանիքն արժեք չէ, և մենք չպետք է արժևորենք դա։ 

Ընտանիքը շատ կարևոր արժեք է, բայց ընտանիքը չի կարելի պրոյեկտել պետական ինստիտուտների, պետության հարթություն։ Կա կարծիք, որ դա արվեց ազգայնական խմբավորումների ճնշումներին դիմադրելու նպատակով: 

Այդ «ազգայնական» կամ «քաղաքացիական» նորահռչակ խմբակներից շատերը, ի դեպ, նախկին իշխանության արբանյակներն են եղել: Դրանց մեջ ոստիկանության այնպիսի նախկին աշխատակիցներ կան, ովքեր քաղաքացիական շարժումների ամենախիստ ճնշողներից են եղել, երիտասարդ աղջիկների ու տղաների հանդեպ բռնություն են գործադրել և հիմա իրենց «քաղաքացիական ակտիվիստ» կամ «ազգային արժեքների պաշտպան են հորջորջում: 

Նրանք իրենց այնպես են ներկայացնում, թե իբր իրենք ազգային արժեքների կողմնակից են, իսկ այսօրվա իշխանությունն էլ դրանք խախտում է։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում նոր իշխանությունների կողմից նման լոզունգների հանրայնացումը չի արդարացվում: Եթե դա պաշտպանության նպատակով է, ապա անհաջող փորձ է: Իշխանությունը շատ համարձակ պետք է խոսի նոր արժեքներից, մարդու իրավունքներից, դրանց պաշտպանությունից, մարդու արժևորումից: 

Դա այն է, ինչ պետք է մեր հասարակությանը, և հասարակությունը պատրաստ է դա ընկալելու։ Շատերը հասկանում են, որ նոր իշխանություններին ապազգային արժեքների մեջ մեղադրանք ներկայացնող ուժերը ռեակցիոն ու հետադեմ ուժեր են, որոնց մեջ շատ են նախկին իշխանություններից սերված և նրանց աջակից խմբավորումները։

Նրանց երազանքը նախկինների իշխանությունը հետ բերելն է, ինչն իրենց նորից իշխանության կերակրատաշտին մոտենալու հնարավորություն կստեղծի։ Իհարկե, արժեքային վերը նշված վրիպումները քննադատելի են, բայց այնպես չէ, որ դա է ներկայացնում նոր իշխանության դեմքն ու իրական արժեհամակարգը։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա նոր իշխանության արժեքային գերակայությունը մարդն է ու արժանապատիվ ապրելակերպի ձևավորումը: Ամեն ի՞նչ է արդյոք այդտեղ հարթ ընթանում: Իհարկե ոչ: Բայց հիմնական ընթացքը, մեծ առումով, թե՛ ինքն է դրական և թե՛ դրական փոփոխություններ է առաջացնում մարդկանց մեջ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am