Եվրոպայի խոշոր գետերում ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների

Եվրոպայում երկարատև շոգն ու երաշտը հանգեցրել են մի շարք խոշոր գետերի ջրի մակարդակի կտրուկ նվազման։ Դանուբի որոշ հատվածներում արձանագրվել են պատմական նվազագույն ցուցանիշներ, ինչը արդեն խնդիրներ է ստեղծում բեռնափոխադրումների և զբոսաշրջային նավարկության համար։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Հունգարիայում, Խորվաթիայում, Սերբիայում և Ռումինիայում։ Ծայրահեղ շոգը, տեղումների պակասը և ջրի ինտենսիվ օգտագործումը նպաստել են գետերի մակարդակի նվազմանը։

Դանուբում ջրի նվազումը նույնիսկ ջրի երես է դուրս բերել տասնամյակներ շարունակ գետի հատակում մնացած առարկաներ։ Խորվաթիայում երևացել է 1937 թվականին խորտակված հունգարական «Fulton» բեռնատար նավը, որը ժամանակին ածուխ էր տեղափոխում։ Բուդապեշտում էլ գետի հատակում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի արկ, ինչի պատճառով ժամանակավորապես փակվել է կամուրջներից մեկը։

Ցածր ջրի մակարդակն արդեն ազդում է նաև տնտեսական գործունեության վրա։ Որոշ զբոսաշրջային նավեր ստիպված են եղել փոխել կամ չեղարկել երթուղիները, իսկ բեռնատար նավերը՝ նվազեցնել տեղափոխվող բեռի ծավալը։

Սերբիայի էներգետիկայի նախարարի տվյալներով՝ Դանուբով շարժվող բեռնատար նավերն ու տանկերներն այժմ աշխատում են իրենց հնարավորությունների ընդամենը 30–40 տոկոսի չափով, որպեսզի կարողանան անվտանգ անցնել գետի ծանծաղած հատվածներով։

Մասնագետները իրավիճակը կապում են երկարատև երաշտի, բարձր ջերմաստիճանների և կլիմայի փոփոխության հետևանքով գոլորշացման աճի հետ։