Ընդհանուր առմամբ՝ խաղաղ, մասնավորապես՝ բազմաթիվ խախատումներով. միջազգային ու տեղական դիտորդները հրապարակել են իրենց նախնական արձանագրությունները

Ընդհանուր առմամբ՝ խաղաղ, մասնավորապես՝ բազմաթիվ խախատումներով. միջազգային ու տեղական դիտորդները հրապարակել են իրենց նախնական արձանագրությունները
Ընդհանուր առմամբ՝ խաղաղ, մասնավորապես՝ բազմաթիվ խախատումներով. միջազգային ու տեղական դիտորդները հրապարակել են իրենց նախնական արձանագրությունները

Միջազգային դիտորդական առաքելությունները Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բնութագրում են մրցակցային, հանգիստ ու խաղաղ, բայց միաժամանակ մտահոգիչ ընտրողների վրա գործադրված ճնշումների եւ ընտրական օրենսգրքի մի շարք խախտումների տեսանկյունից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի  եւ Եվրոպական խորհրդարանի դիտորդները նշում են, որ մինչեւ քվեարկության օրը քարոզարշավն ավելի բարեկարգ ու թափանցիկ է ացնել: Իսկ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, հիմնականում կազմակերպչական խնդիրներ են եղել, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի ու միջազգային պարտավորությունների խախտումներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներ է հավատարմագրել 10 միջազգային կազմակերպություններից եւ 54 տեղական ՀԿ-ներից (ավելի քան 27141 հոգի): ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը սկսել է իր աշխատանքը Երեւանում մարտի 22-ից, իսկ մայիսի 6-ին ընտրական տեղամասերում աշխատել են 349 միջազգային կարճաժամկետ դիտորդներ:

«Ըստ ընտրական օրենսգրքի՝ արգելվում է դպրոցներում քարոզարշավ անցկացնել, սակայն ուսուցիչներին քարոզչական միջոցառումներին ներգրավելը, քարոզարշավի ընթացքում կուսակցությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների կողմից մարդկանց եվ համայնքներին նվերներ տալը, ինչպես նաեւ քարոզչական նյութեր փակցնելը դպրոցների ու համայնքային նշանակության շենքերի վրա հստակ արձանագրված խախտումներ են»,- ներկայացնում է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրասիսկո-Խավիեր դե Դոննեան:

Միջազգային դիտորդները մասնավորեցնում են նաեւ ընտրատեղամասերում կուսակցությունների վստահված անձանց հաճախակի անհարկի միջամտությունը ընտրակարգին, ինչը խափանում էր ընտրողների հստակ շարժը:

«ԿԸՀ-ն հազվադեպ էր արձանագրում կամ ընդունում բողոքները: Իսկ ընտրողներին բնամթերքով նվիրատվություն անելու վրա դատարանը աչք էր փակում»,- հավելում է Ֆրասիսկո-Խավիեր դե Դոննան:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Բարոնուհի Նիքոլսոնը առանձնացնում է այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակցությունը 60 տոկոսից ավելի էր: Նրան նաեւ մտահոգում են ընտրողների ցուցակների անճշտություններն ու քվեարկողներին վախեցնելու բազմակի փորձերը, որոնք դիտվել են մի շարք տեղամասերում, վարչական ռեսուրսների չարաշահումը, օրինակ, կրթական ոլորտի աշխատողների՝ աշխատանքային պարտականությունների հետ համատեղ քարոզչություն իրականացնելը:

«Իշխանությունները պետք է խստիվ անդրադառնան, երբ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօրինակ գործողություններ են իրենց թույլ տալիս, որպեսզի այս դիտարկումները դառնան սկիզբ ու նպատակ դրանք նախագահական ընտրություններին չկրկնելու համար»,- նշում է Նիքոլսոնը:

Ընտրությունների վերջնական զեկույցը հնարավոր բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրական գործընթացների ավարտից մոտ 8 շաբաթ անց:

Միաժամանակ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների դիտորդները ընտրական գործընթացում առաջընթաց են համարում քարոզարշավի ընթացքում բաց ու խաղաղ մթնոլորտի ստեղծումը, հեռարձակող ԶԼՄ-ների մատչելի, հավասարակշիռ աշխատանքը եւ ընտրողների աշխուժությունն ու հետաքրքրվածությունը:

«Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ հեռարձակող ԶԼՄ-ներն իսկապես քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններ ու եթերաժամ էին տրամադրել բոլոր քաղաքական ուժերին, ու նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ նվազել էր վարչական ռեսուրսի օգտագործումը»,- ասում է «Ընտրությունը քոնն է» ՀԿ մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն 14 տարի շարունակ դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանում: Կազմակերպության դիտորդներն այս անգամ արձանագրել են ընտրողների կամարտահայտության վրա ներազդեցության, քվեարկության ու ձայների հաշվարկի ընթացակարգերի խախտումների, կրկնակի քվեարկության կամ ուրիշի փոխարեն քվեարկելու, ինչպես նաեւ դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման դեպքեր:

Հայաստանի Հեկլսինկյան կոմիտեն դիտարկումներ է անցկացրել 24 ընտրատեղամասերում՝ նկատելով դրոշմակնիքների ու թանաքների խնդիրը, երբ բազմաթիվ անձնագրերում թանաքը կնիքելուց հետո ցնդել կարճ ժամանակում ցնդել է:

«15-ից ավելի մարդկային կուտակումներ ընտրատեղամասերում, մեկից ավելի մարդու ներկայություն ընտրախցիկներում, ինչպես նաեւ բաց քվեարկության դեպքեր ու մահացած մարդկանց անուններ ընտրացուցակներում. սրանք մասնավորապես այն խախտումներն են, որոնց մենք ականատես ենք եղել մեր դիտորդական աշխատանքներում»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը:

Հանրապետական կուսակցության մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը Մեդիալաբին ասում է՝ թեժ գծի բոլոր ահազանգերինարձագանքել են թե ԶԼՄ-ները, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե իրավապաշտպան կազմակերպությունները, բայց դրանց մեծ մասը եղել են կեղծ ու ապատեղեկատվություն:

«Այս ընտրությունները միակն են 1995-ից հետո, որ անցել են վերահսկված թե տեղական, թե միջազգային դիտորդների եւ թե 24-ժամյա նկարահանող խմբերի կողմից: Եղել են ընրակաշառքների դեպքեր, երբ ձերբակալել են, որոնց հետ հանրապետական կուսակցությունը ոչ մի կապ չունի: Կազմելով մեծամասնություն՝ մենք կրկին ապացուցեցինք, որ մեր խոսքը գործ է»,- ասում է Շարմազանովը:

© Medialab.am