Մարուքյանի կարծիքով հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն արտահերթ ընտրություններին

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, անգամ նրանք, որոնք բացառել էին գործող իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես հույս ունեմ, որ երկրում լարվածությունն ընտրությունների օրվա հայտարարման հետ կապված թուլացել է և գնալով կթուլանա, քանի որ վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին, այդ թվում նաև այն ուժերը, որոնք միշտ հայտարարել են, որ այս իշխանության կազմակերպած ընտրություններին բացառում են, որ կմասնակցեն»,-ասաց Մարուքյանն ու նկատեց՝ նրանք քայլ առ քայլ ասում են, որ կմասնակցեն:

Նա հավելեց՝ հիմա հնարավորություն է ստեղծել իշխանությանը փոխել ընտրությունների միջոցով, ինչո՞ւ պետք է ընդդիմադիր ուժը չմասնակցի: ԼՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ մինչև հունիսի 20-ը չեն խոչընդոտելու խորհրդարանը լուծարելու գործին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: