«Լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են». Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են». Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են». Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է երրորդ եռամսյակային զեկույցը՝ 2018 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների համար:

«2018-ի երրորդ եռամսյակը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ներառող ժամանակահատված էր։ Դրանք պայմանավորված էին Հայաստանում թավշյա հեղափոխության հետ կապված քաղաքական զարգացումներով։ Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից ոչ միայն ընտրախախտումներին հաջող հակազդելու, այլև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Այդուհանդերձ, բուն քվեարկության օրը՝ սեպտեմբերի 23-ին, արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 1 բռնության և 1 ճնշում գործադրելու փաստ։ Համեմատության համար՝ 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների օրը տեղի էր ունեցել 2 ֆիզիկական բռնության և 5 մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ առհասարակ երրորդ եռամսյակում, ի տարբերություն երկրորդի, երբ ընթանում էր թավշյա հեղափոխությունը, նկատելիորեն նվազել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը՝ 54-ից հասնելով 37-ի։ Մասնավորապես, կտրուկ պակասել են ֆիզիկական բռնությունները՝ գրանցվել է 2 դեպք (նախորդ եռամսյակում՝ 19), ինչպես նաև տարատեսակ ճնշումները՝ 13 դեպք (երկրորդ եռամսյակում՝ 23)։ Իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ավելացել են. արձանագրվել է 22 դեպք (նախորդ եռամսյակում՝ 12)։

«Հետհեղափոխական ժամանակաշրջանում և հատկապես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առավել ցայտուն երևաց հայաստանյան լրատվամիջոցների՝  ըստ քաղաքական և ֆինանսական ճամբարների բաժանված լինելը։ Անհանդուրժողական մթնոլորտը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, որտեղ տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների թիրախ էին դառնում նաև լրատվամիջոցները։ Այս խնդիրն արժանացավ տարբեր քաղաքական ուժերի ուշադրությանը։
Դիտարկվող ժամանակաշրջանում ԶԼՄ ներկայացուցիչների անհանգստություններից մեկը վերաբերում էր պետական մարմինների հասարակայնության հետ կապերի վարչությունների աշխատանքին։

Թեև վարչապետն ու կառավարության մյուս անդամներն օնլայն ռեժիմով շփվում են հասարակության հետ, այդուհանդերձ, դա չի կարող ամբողջովին փոխարինել վերոնշյալ վարչությունների գործունեությունը։ Միևնույն ժամանակ, լրագրողների համար չլուծված մնաց կառավարության անդամների հետ շփման խնդիրը։

Այս առումով ԽԱՊԿ-ը կարևորում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների իրականացումը։ ԶԼՄ-ների համար տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև լրագրողների գործունեության տեսակետից խնդրահարույց են մնում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքները, որոնք նույնպես վերանայման կարիք ունեն»,- նշում են զեկույցի հեղինակները։

Կարդալ ամբողջը

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկայի տեսքով՝ այստեղ