Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց․ Factor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Ինչպես և սպասելի էր, այդ դատավորը բավարարեց միջնորդությունը։ Քանի մարտիրոսյանները կան, հովսեփյանները պետք է կալանավորվեն։ Դատարանը հաշվի չառավ պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ, 4 երեխաների հայր Մենուա Հովսեփյանի անցյալը, ուստի՝ այսպես էլ պետք է լիներ, քանի դեռ իրավական համակարգում կան նման դատավորներ»,- նշեց փաստաբանը։

Factor.am-ի հարցին՝ արդյոք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, Մելքոնյանը դրական պատասխան տվեց, սակայն հավելեց. «Եթե պետք է Տիգրան Սահակյանն էլի ձեռքով ինքն իրեն մակագրի, ուրեմն իմաստ չունի բողոքարկելու»։

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել էր Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանն արձանագրել էր, որ բացակայում են կալանավորման հիմքերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: