Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ազատ արձակվեց․ Factor.am

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ Յոլյանն ազատ է արձակվել:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչունցը և Սուսաննա Մկրտչյանը ևս չեն կալանավորվի։

Օգոստոսի 17-ին ձերբակալված անձանցից միայն Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք՝ 2021թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: