Նախատեսվում է վերապատրաստումներից, դասընթացներից հետո աշխատանքով ապահովել շուրջ 400 քաղաքացու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում արդեն իսկ շուրջ երեք տասնյակ ընկերություն համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Նախատեսվում է անցկացնել վերապատրաստման դասընթացներ, իրականացնել համապատասխան քայլեր՝ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու, փորձագիտական աշխատանքների, փորձի փոխանակման, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մշակման ուղղությամբ։

Վերապատրաստումներից, համապատասխան դասընթացներ իրականացնելուց հետո համագործակցության շրջանակում նախատեսվում է աշխատանքով ապահովել շուրջ 400 քաղաքացու։

Համագործակցության պատրաստակամություն են հայտնել հետևյալ ընկերությունները՝

  • ACBA Bank
  • Amundi Acba Asset Management
  • Apaga Technologies
  • Arterail
  • Grant Thornton
  • Pernod Ricard YBC
  • UFAR
  • The Alexander Hotel
  • AL PARCO LLC/BEST WESTERN CONGRESS
  • Ameria Bank
  • A & M Rare Water
  • ArmBas LLC
  • BetConstruct/Soft Construct/Vivaro
  • EGIS International
  • INGO Armenia
  • IDEMIA
  • Fonds Armenien
  • Globalink Logistics LLC ARM
  • MAF Hypermarkets AM LTD (CARREFOUR)
  • MARRIOTT Armenia Hotel
  • MANAGMENT MIX
  • MEGNA LLC (RENAULT)
  • Paul Armenia
  • ROSGOSSTRAKH ARMENIA
  • SUD Omnium services
  • Start Doon
  • UCOM LLC
  • Veolia

Ծրագրվում է առաջիկայում վերոնշալ կազմակերպությունների հետ անցկացնել անհատական հանդիպումներ՝ յուրաքանչյուրի հետ իրականացվելիք աշխատանքները հստակեցնելու և ճշգրտելու համար:

Հիշեցնենք, որ հուշագիրը կնքվել է 2021 թ․ հուլիսի 15-ին նախարար Նարեկ Մկրտչյանի և Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ՀԽ նախագահ Տիգրան Առաքելյանի կողմից՝ երկու երկրների պետական և մասնավոր հատվածների ներուժի համախմբման ու Ֆրանսիայի կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողված ծրագրերի փորձի փոխանակման նպատակով։

Հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել առանձնացնել ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, ապահովել նախարարության ոլորտային պատասխանատուների ներգրավվածությունը, ներկայացնել ծրագրային առաջարկներ ու նոր նախաձեռնություններ:

ՖՀ ԱԱՊ-ն պարտավորվել է ներգրավել պալատի նվիրատու և հովանավոր անդամ ընկերություններին՝ նախարարության կողմից մշակված սոցիալական ծրագրերի իրականացումը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ապահովել ֆրանսիական ընկերությունների կողմից փորձագիտական աշխատանքների իրականացումը Հայաստանում սոցիալական բնակարանաշինության էկոհամակարգի ստեղծման և զարգացման հարցում։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։