Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել Մախաչկալայից, որտեղ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ասել էր, որ դրական է գնահատում ռուսաստանյան խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև նշել էր, որ եռակողմ հայտարարությամբ նախանշված 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ:

Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար է նշանակվել ռոտացիայի սկզբունքով: Սեպտեմբերի 9-ին Կոսոբոկովին Երևանում ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: