«Ձեր սխալ որոշումը չխանգարեց Արտակ Բեգլարյանին». ԼՂՀ նախկին վարչապետը՝ Էդվարդ Նալբանդյանին

Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին եւ հիշեցրել, որ ժամանակին ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատճառաբանելով Բեգլարյանի ֆիզիկական սահմանափակումները թույլ չէր տվել նրան ուսումնառել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում:

Հարությունյանի գրառումը ստորեւ.

«Հոկտեմբերի 31-ին Խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանի մարդկային և մասնագիտական բարձր որակների մասին լրացուցիչ գրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Բայց, առիթն օգտագործելով, ցանկանում եմ իմ բաժին անդրադարձը կարտարել…

Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև՝ կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, որին, սակայն, դեմ էր արտահայտվել այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատճառաբանելով Արտակի ֆիզիկական սահմանափակումները: Նալբանդյանը սկզբունքորեն մերժեց անգամ իր այդ որոշումը փոխելու կապակցությամբ երկու վարչապետների՝ իմ և Տիգրան Սարգսյանի խնդրանքները:

Այդ ամենը, իհարկե, չխանգարեց Արտակին ավելի որակյալ կրթություն ստանալու Լոնդոնի Համալսարանական քոլեջում, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության ամերիկյան դպրոցում և այլուր:

ԱՀ վարչապետի օգնական աշխատելու տարիներին Արտակը որոշեց դատարանի միջոցով վիճարկել Նալբանդյանի այդ որոշումը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Օբյեկտիվ պատճառներով ես նրան խնդրեցի գործի կեսից դատական պրոցեսը չշարունակել, բայց խնդիրը մարդկային առումով շարունակ մտահոգում էր ինձ: Եվ այսօր Արտակի արձանագրած հաջողությունների կապակցությամբ չեմ կարող չհայտնել ուրախությունս և, դիմելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, ասել, որ չնայած Ձեր սխալ որոշմամբ Արտակ Բեգլարյանը զրկվեց դիվանագիտական դպրոցում կրթություն ստանալու իրավունքից, դա չխանգարեց, որ նա այսօր ներքին և միջազգային հարթակներում պաշտպանի արցախցիների իրավունքներն ու շահերը՝ որպես ԱՀ մարդու իրավունքների պաշտպան:

Թեմայի վերաբերյալ կա ևս մի գաղտնիք, որի մասին կխոսեմ տարիներ անց…

Արտա՛կ, նայում եմ քեզ ու հիանում քո ամուր կամքով, կյանքի հանդեպ քո ունեցած սիրով՝ չնայած, որ այն շատ դաժան է գտնվել քո նկատմամբ… Վաղ հասակում պատերազմի դաշտում կորցրել ես հորդ՝ իմ մարտական ընկերոջը, այնուհետև այդ չարաբաստիկ ռումբի պայթյունը, որ քեզնից խլեց տեսողությունդ, ապա և մայրիկիդ կորուստը… Մանկահասակ երեխայի համար արդյո ՞ք շատ չէին կյանքի այսօրինակ դառը հարվածները: Բայց քո տոկունությունը ավելի ամուր եղավ այդ պայքարում, և դու հաղթեցիր:

Արտակ ջան, ընդունի ՛ր ջերմ շնորհավորանքներս այդ նոր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ՝ քո աշխատասիրությամբ և ունեցած մեծ պատասխանատվությամբ դեռ մեծ բարձունքներ ես նվաճելու հանուն արցախցիների իրավունքների և շահերի…»: