Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում:

12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և ըստ անհրաժեշտության` ցուցումների առկայության դեպքում, երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն` պետպատվերի շրջանակում:

Բաժանմունքի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է.

«Ցանկացած երեխա` անկախ տարիքից, սեռից և առողջական վիճակից, իրավունք ունի լինել լսված և իրազեկված, ստանալ արժանի բժշկական օգնություն և սպասարկում, ինչին ուղղված են մեր ռազմավարությունները»:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք` առավելապես երեխաները, ունեն հասարակության կողմից թիրախավորման խնդիր, ինչպես նաև խոցելի են սեփական իրավունքների ինքնուրույն իրացման` որոշումների կայացումների առումով, թե ֆիզիկական և հոգեկան առողջությունը պաշտպանելու տեսակետից:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մանկական հոգեբուժական բաժանմունքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից: