Կենդանաբանական այգու զեբրը անկել է. կենդանու արյան մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղ

Կենդանաբանական այգու զեբրը անկել է. կենդանու արյան մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղ
Կենդանաբանական այգու զեբրը անկել է. կենդանու արյան մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղ

Երևանի կենդանաբանական այգու զեբրը անկել է։ Այդ մասին տեղեկացնում է «Tert.am-ը»՝ հղում անելով այգու տնօրինությանը:

Նշվում է, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։

Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Այսօր՝ նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։

Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։