Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը լրացվել է. «Ազատություն»

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը լրացվել է. «Ազատություն»
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը լրացվել է. «Ազատություն»

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լրացրել է 2008 թվականի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

Այդ մասին փոխանցում է «Ազատությունը»՝ նշելով, որ նախաքննական մարմինը առայժմ չի մեկնաբանում, թե մասնավորապես ինչ լրացումներ է կատարել։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ օրեր առաջ են ՀՔԾ-ից ստացել լրացման մասին տեղեկատվությունը:

«Ավելացված են դրվագներ, տվյալներ, որոնք վերաբերում են Մարտի 1-ի գործին ընդհանրապես, բայց թե ինչ կապ ունեն այդ դրվագները Քոչարյանի հետ, այդ մասով, կարծես թե, լրացված ծավալով որևիցե հստակեցում չկա: Մենք հենց այդ պատճառով էլ դիմել ենք վարույթն իրականացնող մարմին, որպեսզի մեղադրանքը հստակեցնեն: Առաջադրված մեղադրանքը նույն հոդվածով է շարունակում մնալ․ ընդամենը լրացուցիչ գործողություններ այլ դրվագներով»,- ասել է փաստաբանը:

Հովհաննես Խուդոյանի պնդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանի մեղադրանքը լրացրել է նոր բացահայտումների հիման վրա։ Ելնելով նախաքննության շահերից՝ նա չի մանրամասնել, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: