Մենք սպասում ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին. Սվիտալսկի

Մենք սպասում ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին. Սվիտալսկի
Մենք սպասում ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին. Սվիտալսկի

Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էլ կարևոր է, ու ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը և ներքին բարեփոխումները մեր երկրում:

Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում են կառավարությունից: Դեսպանների պատվիրակությունը գլխավորել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Փաշինյանը դեսպաններին ասել է, որ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և փոխանցվել Եվրամիության քննարկմանը, եւ հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը և այլ ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները և բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակացությունը և համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ և առարկայական: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն: 

Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: 

«Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,- ասել է Փաշինյանը: Նա նաեւ հավելել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրաշրջանառության և ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը և համապատասխան քայլերի իրականացումը: «Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը և տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը՝ այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման և ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: 

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարևորությունը: Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձևակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կարևորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից և սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետևողական ջանքերը: 

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: Դեսպանի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Պյոտր Սվիտալսկին կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,- ընդգծել է Պյոտր Սվիտալսկին: 

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների տարբեր հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում ունեցող քաղաքական փոփոխություններին, բարեփոխումների ընթացքին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: