«Զմրուխտյա մկրատը». նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցասերներին է ներկայացրել իր հեղինակած նոր գիրքը

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին է ներկայացրել իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։

Գիրքը տասներկուամյա աղջկա մասին է, ով փորձում է վերականգնել աշխարհում բարու և չարի ճիշտ հավասարակշռությունը։

Շնորհանդեսի ընթացքում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ գիրքն ապագայի մասին է, քանի որ գրքի հերոսները Երկիր մոլորակից հայտնվում են Լուսնի, իսկ Լուսնի վրայից՝ Մարսի վրա։

Հանրապետության նախագահի տիկինը հիշեցրել է երեխաներին, թե որքան կարևոր է լինել հետաքրքրասեր և բանիմաց, որևէ տարիքում չդադարել սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ։

«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք։ Նախ և առաջ պետք է լավ սովորեք և լինեք աշխատասեր։ Մենք հույս ունենք, որ դուք բոլորդ շատ կարևոր բաներ կհորինեք աշխարհի համար, կանեք գեղեցիկ, կարևոր, յուրահատուկ հայտնագործություններ, քանի որ մեր աշխարհը կարիք ունի փոխվելու և դառնալու ավելի լավը»,– նշել է տիկին Նունե Սարգսյանը։ Նա նաև կոչ է արել փոքրիկ ընթերցասերներին հորինել և ստեղծել նոր պատմություններ, նոր հեքիաթներ։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև տիկին Նունե Սարգսյանի գրքերի հիման վրա բեմադրված երաժշտական ու պարային կատարումներ։

Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցողները ստացել են Հանրապետության նախագահի տիկնոջ կողմից մակագրված «Զմրուխտյա մկրատը» գիրքը։