ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին:

«Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: