«Պետք է անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ». Փաշինյան

«Պետք է անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ». Փաշինյան
«Պետք է անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ». Փաշինյան

«Մենք ըստ էության լիարժեք թևակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը և ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Մենք խնդիր ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրությունները»:

Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հայատարարել է, թե այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե երրորդ հանրապետության լավագույն ընտրությունը պետք է անցկացնել, այլ պետք է անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ:

«Մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը: Մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել: Պետք է բացառել և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու: Մեր ընտրություններում միշտ եղել է, չակերտավոր ասած, ասողների ինստիտուտը, ովքեր ասում են ում օգտին պետք է քվեարկել: Այդ երևույթը պետք է իսպառ բացառել, և ընտրողների որոշումները պետք է ձևավորվեն քարոզչական, քաղաքական բովանդակության արդյունքում: Ո՞րն է մեխանիզմը որևէ ընտրություն կատարելու, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, քարոզչությանը, ներգրավվի, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և, ըստ այդմ, որոշում կայացնի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,- ասել է Փաշինյանը:

Նա հայտարարել է, թե ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվերակության արդյունքներով, եւ որ պտք է բացառվի անգամ մի քվեաթերթիկի, ինչպես ընդունված է ասել, «սխալ տրցակում տեղադրելը», ընդ որում, ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլև՝ ներկուսակցական:

«Քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջև, և պետք է բացառել որևէ նման երևույթ: Իհարկե, մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայման կհակազդի օրենքն իր ողջ ուժով»,- ասել է Փաշինյանը:

Ընտրակաշառքի մասին խոսելով՝ Փաշինյանը հայտարարել թե հույս ունի, որ իրավապահ մարմինները, մասնավորապես Ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը պատրաստ են ոչ միայն արձագանքնելու իրավիճակին, այլև պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երևույթը:

«Պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ, և պարզապես ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա փողով, նյութական այլ միջոցներով ազդելու որևէ փորձ: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»- նշել է Փաշինյանը: 
Անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված հարցին՝ Փաշինյանն ասել է, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ոստիկանությունը:

«Նախորդ ընտրություններից գիտենք երևույթ, որ ընտրողների միգրացիա է լինում այս ընտրատարածքից այն ընտրատարածք: Հույս ունեմ, պարոն Օսիպյան, տեղեկատվությունը կստանանք և համարժեք միջոցներ կձեռնարկենք: Իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ, և ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: