«Եթե թուրքական կողմը Հայաստանից կոնկրետ մի բան չստանա, հարաբերություններ չի հաստատի ու սահմանը չի բացի, դա ինձ համար հստակ է». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, ՓաշինյանԷրդողան հեռախոսազրույցն ի՞նչ ազդեցություն կունենա հայթուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հետագա ընթացքի վրա:

– Այդ հեռախոսազրույցը շրջադարձային երևույթ չէ ու առանձնապես ազդեցություն էլ չի ունենա: Ես կցանկանամ ենթատեքստին ուշադրություն դարձնել. իմ գնահատմամբ՝ հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը ցույց տվեց, որ Թուրքիան փոխում է իր մարտավարությունը: Առաջին երեք հանդիպումից հետո որևէ արդյունք չկար, չորրորդի ժամանակ նրանց համար կարևոր էր ինչ-որ փոքր քայլերի գնալ, որպեսզի ցույց տան, թե կա դինամիկա:

Հենց այս համատեքստում էլ տեղի ունեցավ այս հեռախոսազրույցը, ինչը տեղավորվում է բանակցային գործընթացի թուրքական երկրորդ փուլի մեջ: Թուրքիան սա անում է այն նպատակով, որ մի կողմից շարունակվեն բանակցությունները, բայց վերջնական արդյունք չլինի, այսինքն՝ սահմանը չբացվի, հարաբերություններ չկարգավորվեն: Իսկ այս ժամանակը Թուրքիան ուզում է օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որ վերջինս զիջումների գնա Ադրբեջանի հետ բանակցություններում:

Այսինքն՝ Թուրքիայի օրակարգը հիմա դա՞ է:

 – Կարծում եմ՝ այո՛, այսօր նրանք այդ խնդիրն են լուծում՝ օժանդակեն Ադրբեջանին, որ Հայաստանից պայմանագրի տեսքով համաձայնություն կորզի, որ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ:

Թուրքիայի վերլուծական կամ պաշտոնական մակարդակում որևէ անդրադարձ կա՞ այս հեռախոսազանգի վերաբերյալ, պարո՛ն Սաֆրաստյան:

– Չկա, ընդհանրապես, վերջին իրադարձությունների մասով էլ գրեթե ոչինչ չկա վերլուծական մակարդակով, ուղղակի պաշտոնական հաղորդագրություններ են: Հայ-թուրքական այս բանակցություններին անդրադարձ է եղել ամենասկզբում, երբ դեռ կողմերի ներկայացուցիչների միջև հանդիպումներ էլ չէին եղել, հիմա քիչ է հետաքրքրությունը թեմայի նկատմամբ:

Հետաքրքրությունը քիչ է, որովհետև Թուրքիան, ի տարբերություն ֆուտբոլային դիվանագիտության շրջանի, շատ ավելի մեծ քաղաքականություն է վարում: Թուրքիան ձգտում է լինել ոչ միայն տարածաշրջանային պետություն, այլև տեսնում ենք, որ համաշխարհային թատերաբեմում է փորձում հաստատվել:

Էրդողանի ձգտումը՝ Զելենսկի-Պուտին հանդիպման միջնորդ լինել, չստացվեց, հիմա էլ օգտագործում է հացահատիկի խնդիրը, որում ևս փորձում է ներկայանալ որպես միջնորդ:

Այսինքն՝ հիմա Թուրքիայի համար այս կարգի ռազմավարական խնդիրներն են կարևոր, դրա համար էլ Հայաստանի հետ հարաբերություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ ու, համապատասխանաբար, հասարակական հետաքրքրությունների շրջանակներում փոքր տեղ են զբաղեցնում:

Թուրքիայո՞ւմ էլ, ինչպես Հայաստանում, շահագրգռված են, որ չորրորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացում, բեռների օդային ճանապարհով փոխադրում, կյանքի կոչվեն:

– Պաշտոնական հաղորդագրության համաձայն, որը տարածվել էր հեռախոսազրույցի վերաբերյալ, նշվել էր, որ կողմերը հույս են հայտնել դրանց կատարման մասով: Բայց եթե ընդհանուր առմամբ գնահատենք Թուրքիայի ու Հայաստանի մոտեցումները այս գործընթացի վերաբերյալ, կարևոր է ընդգծել հետևյալը. Հայաստանի համար 30 տարի շարունակ կարևոր է եղել Թուրքիայի հետ ունենալ նորմալ դիվանագիտական հարաբերություններ ու գործող սահման:

Թուրքիայի համար դա հիմնական խնդիր չէ, դրանում նա շահագրգռվածություն չունի, որովհետև թուրքական վերնախավն այս տարիների ընթացքում հանգել է մի գնահատականի, որ Հայաստանին ավելի շատ է պետք նորմալ հարաբերություններ ունենալ իրենց հետ՝ ելնելով իր աշխարհագրական դիրքից, իսկ Հայաստանը Թուրքիայի համար առանձնապես շուկա չէ, ռազմական առումով թույլ է և այլն, դրա համար էլ նրանք մտածում են, որ եթե Հայաստանն ավելի շատ է շահագրգռված հարաբերություններ ունենալու, թող զիջումների գնա. նրանց մոտեցումը սա է:

Իհարկե նախորդ դեպքերում հարաբերությունների կարգավորման ժամանակ կային միջնորդներ՝ ԱՄՆ-ն, այն ժամանակ ամերիկացիները Թուրքիայի վրա ճնշում էին գործադրում, որովհետև նրանց համար կարևոր էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում ու տարածաշրջանում կթուլանար:

Բայց հիմա Թուրքիան ուժեղացել ու ավելի ինքնուրույն է դարձել և պաշտոնապես քանի անգամ հայտարարեց, որ ոչ մի միջնորդ չի ուզում ներգրավել գործընթացում: Երկու երկրների նպատակներն այսպիսով տարբեր են. Հայաստանի համար կարևոր է նորմալ հարաբերություն ունենալ, Թուրքիայի համար՝ կարևոր չէ:

ԱՄՆն կրկին ողջունել ու իր աջակցությունն է հայտնել կողմերին հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հիմա՞ էլ է նույն նպատակով ԱՄՆն ուզում, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն:

– ԱՄՆ-ն ի սկզբանե ողջունեց գործընթացը, ինչը հասկանալի է. բոլորն էլ ձգտում են, որ Հարավային Կովկասում բոլոր կոմունիկացիաները գործեն, որպեսզի հնարավոր լինի Հարավային Կովկասն ընդգրկել համաշխարհային առևտրատնտեսական հարաբերությունների համակարգի մեջ, որովհետև հիմա շատ դեպքերում դուրս է մնում: 21-րդ դարի սկզբին ամերիկացիների անվստահությունը Թուրքիայի նկատմամբ այնքան մեծ էր, որ նրանք առանձնապես շահագրգռված չէին այս գործընթացով, հետո փոխեցին մոտեցումը, հիմա ԱՄՆ-ն հետաքրքրվում է Հարավային Կովկասով:

Պարո՛ն Սաֆրաստյան, արդարացված համարո՞ւմ եք հայկական կողմի այն հույսերը, որ նմանօրինակ փոքր քայլերով հայ-թուրքական սահմանը վերջնականապես կբացվի:

– Չեմ կարող ասել՝ իրենք իսկապես այդպե՞ս են մտածում, թե՞ չէ, գուցե ինչ ասում են՝ դիվանագիտական մոտեցումից ելնելով է, չեմ կարող ասել՝ նրանք իսկապես դրան հավատո՞ւմ են, թե՞ ոչ: Ես առանձնապես հավատ չունեմ, որ սահմանը կբացվի, ու հարաբերություններ կհաստատվեն, որովհետև Թուրքիայի համար կարևոր է կոնկրետ արդյունքի հասնելը՝ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, ինչը պետք է լինի փաստաթղթավորված, եթե դա չլինի՝ չեմ կարծում, թե թուրքերը որևէ դրական քայլ անեն հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Իսկ եթե դա լինի, կբացե՞ն սահմանը:

– Եթե դա լինի՝ կսկսեն ավելի կոնկրետ այդ հարցի մասին մտածել: Գուցե այն ժամանակ ասեն՝ հիմնականը ստացանք, մեկ ուրիշ բան էլ ուզենք հայերից: Գուցե այդպես չմտածեն, ասեն՝ ինչ ստացանք՝ հերիք է, մնացածը՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը, թողնենք հետոյի: Չեմ կարող ասել, բայց եթե նրանք Հայաստանից կոնկրետ մի բան չստանան, հարաբերություններ չեն հաստատի ու սահմանը չեն բացի՝ ինձ համար հստակ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am