«Ժողովրդի մանդատը ստանալու դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը կշարունակենք». Փաշինյան. «Արմենպրես»

«Ժողովրդի մանդատը ստանալու դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը կշարունակենք». Փաշինյան. «Արմենպրես»
«Ժողովրդի մանդատը ստանալու դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը կշարունակենք». Փաշինյան. «Արմենպրես»

Մինչև դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրությամբ իր քաղաքական թիմը լիարժեք կատարել է ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստաի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին՝ մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Երկրորդը՝ մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդի մանդատը ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք»,- ասել է Փաշինյանը:  

Նա հիշեցրել է, որ խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները՝ արձանագրելով, որ այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ:

«Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ վստահության քվե են ակնկալում ժողովրդից, եւ եթե այդ քվեն ստանան, ապա առաջիկա 5 տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն:  

«Մենք մտադրված ենք միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական և բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ: Որպես այս ամենի կուլմինացիա, այս ամենին հարակից խնդիր Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով Ամուլսարի թեմային, Փաշինյանն ասել է, որ այդ ներդրումային ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կայացնել:

«Միջազգային հեղինակավոր փորձագետներն այսօր ասում են, որ այն շեշտադրումները, որոնք անում ենք այդ ծրագրի հետ կապված՝ լեգիտիմ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի ծրագրի շրջանակում և դրա ամենակարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը՝ ամենահեղինակավոր կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանալու համար: Այդ փորձաքննությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար»,- նշել է  Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե վտանգ լինի Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, ապա նախագիծը չի իրականացվի, եթե ոչ՝ ապա ծրագիրը կյանքի կկոչվի:

Անդրադառնալով այն հարցին, թե որն է իրենց կառավարության ամենամեծ ձախողումը տնտեսության ոլորտում` Փաշինյանն ասել է, որ ամենամեծ ձախողումը և խնդիրը համարում է հանքարդյունաբերության շուրջ քաղաքականությունը, ինչը, միևնույն է, համարում է, որ բխում է Հայաստանի ազգային շահերից:

«Այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար, սակայն համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնն անպայման կվերականգնվի: Մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում և բնականաբար մեր այդ գործողությունները որոշակի անհանգստություններ են առաջացնում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտաքին գործընկերներին ներկայացնել մեր շարժառիթները, որպեսզի ներդրումային այդ զգացողությունը չլինի»,- նշել է նա:

Մասնավորապես, խնդիրներ կան «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, Հյուսիս-հարավ և այլ նախագծերի հետ կապված: «Այս բոլոր հարցերում ներգրավված են հեղինակավոր ծանրակշիռ կազմակերպություններ, բայց մենք մտադիր ենք հետևողականորեն մեր երկրի շահերը պաշտպանել»,- հավելել է Փաշինյանը: