ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հոկտեմբերի 13-ին Երևանում հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև մտքեր ենք փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ», -նշել է նա: