«Նոյեմբերին կորցրինք Արմանին, սեպտեմբերին՝ ամուսնուս»․ Մարինեն ասում է՝ որդու և ամուսնու մահվանից հետո իրենց տանն այլևս ոչ ոք ջազ չի լսում 

Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց Հարությունյանների 18-ամյա որդու՝ Արմանի կյանքը, իսկ ամիսներ անց հիվանդության կրկնության պատճառով ընտանիքը զրկվեց նաև հորից․ ասում են՝ որդու կորստին չդիմացավ, շատ կապված էին։ 

«Արմանի թաղումից մի ամիս հետո՝ հունվարին, ամուսնուս մոտ էլի չարորակ ուռուցքը գլուխ բարձրացրեց, որի դեմ կարողացել էինք պայքարել 5 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ եկել։ Նոյեմբերին Արմանի թաղումն էր, Արմանը գնաց, իսկ սեպտեմբերին՝ Էդգարը՝ ամուսինս»։

Մարինե Հարությունյանի խոսքով՝ ամուսնուց և որդուց հետո տանն այլևս ոչ ոք ջազ չի լսում, ջազի սիրահարները, տան մելոմաններն ամուսինն ու որդին էին։ Արմանի սերն էլ երաժշտության հանդեպ գալիս էր հոր հանդեպ ունեցած սիրուց։ 

«Հայր ու որդի իրար լավ էին հասկանում, ժամերով խոսում էին ու կիսվում։ Արմանը շատ էր գալիս, հորից խորհուրդ հարցնում մեծ ու փոքր հարցերի, խնդիրների մասին։ 

Էդգարն էլ հաճախ էր տանը ջազ միացնում։ Երևի երաժշտության հանդեպ Արմանի սերը նաև էդտեղից էր, որովհետև ինքն ամբողջ սրտով երաժիշտ էր, սիրում էր ժամերով փակվել իր սենյակում ու երաժշտություն գրել։ Ասում էի՝ Արմա՛ն, արի հաց ուտելու, ասում էր՝ հեսա կգամ, հեսա կգամ, ու էդպես էլ չէր գալիս»,- ասում է մայրը։ 

Հարությունյաններն Արցախի Ստեփանակերտ քաղաքից են, բացի Արմանից ունեն ևս երկու զավակ՝ 19-ամյա որդի և 15-ամյա դուստր։

Արմանը 7 տարի հաճախել է Ստեփանակերտի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին և միջնակարգ կրթությանը զուգահեռ, ավարտել նաև երաժշտական դպրոցը, իսկ որոշ ժամանակ անց ընդունվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ էլ մի քանի ընկերների հետ փոքրիկ երաժշտական խումբ ստեղծել։ 

«Իրենց ստուդիա էին տվել էնտեղ, որ նվագեին ու երաժշտություն գրեին։ Օրեր էին լինում, երբ շատ ուշ էր տուն գալիս, բայց ես զգում էի, թե ինչ մեծ ոգևորվածությամբ էր նվագում ու ստեղծագործում»,- նշում է մայրն ու հավելում՝ բացի երաժշտական ունակություններից, իր երեխաներն օժտված էին նաև նկարչական ունակություններով, որոնք ժառանգել էին պապից՝ քանդակագործ Ալբերտ Հարությունյանից։

Հենց այդպես նկարչության հանդեպ հակումն օրերից մի օր Արմանին տարավ դեպի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի քանդակի բաժին։ Մարինե Հարությունյանի խոսքով՝ քոլեջում բոլորն Արմանին ու նրա աշխատանքները մատով էին ցույց տալիս, ամենալավերի թվում էր։ 

«Կուրսեցիները գալիս էին Արմանի քանդակները տեսնելու, սկզբում ինքն էլ էր մեծ ոգևորությամբ քանդակներ անում, բայց եկավ մի պահ, որ որոշեց՝ էլ չի քանդակելու։ Վերջում արդեն բոլոր քանդակները լցրել էր մի արկղի մեջ, որ թափեր, բայց ընկերը չէր թողել։ Ասում էր՝ ինչի՞ս են պետք, որոշել էր, պիտի միայն երաժշտությամբ զբաղվեր։ Կուրսընկերները պատմում են՝ մտնում էր լսարան, ասում էր՝ մի հատ լսեք՝ ինչ երաժշտություն եմ գրել, սաղ գիշեր չեմ քնել»։

Քոլեջ ընդունվելուց հետո Արմանն ընկերոջ հետ Ստեփանակերտից տեղափոխվել էր Երևան ապրելու։ Մայրն ասում է՝ հենց այդ ժամանակ էր, որ ինքը սկսեց զգալ որդու հասունանալը։ 

«Էդ ժամանակ Արմանը սկսեց շատ արագ հասունանալ, մեծանալ, ես նայում էի իրեն ու հասկանում էի, որ արդեն մեծ տղա ունեմ, որը կարող է հոգ տանել ոչ միայն իր, այլև մեր բոլորի մասին»,- պատմում է Մարինեն ու հավելում՝ այդ ընթացքում Արմանը սկսել էր նաև ադրբեջաներեն սովորել։ 

«Ադրբեջաներեն էր սովորում, ասում էր՝ թշնամու լեզուն իմանալ ա պետք, ի՞նչ իմանաս, երևի մի օր պետք գա։ Իր մոտ միշտ տետրեր կային, որոնց մեջ սովորած նոր բառերն էր գրում՝ թե անգլերեն, թե ադրբեջաներեն»։ 

Այնուամենայնիվ, Արմանի անփոխարինելի սերը երաժշտությունն էր, մայրն ասում է՝ որոշել էր՝ կոմպոզիտոր պիտի դառնար, բայց միայն բանակից վերադառնալուց և նկարչական քոլեջն ավարտելուց հետո։

Կդառնար, ամեն ինչ էլ կդառնար՝ վստահ է մայրը, միայն եթե բանակից վերադառնար։ Արմանը 2020-ի հուլիսից ծառայության էր մեկնել Հադրութ, որտեղ էլ նաև կռվել է, երբ սկսվել է պատերազմը: 

«Պատերազմի սկսվելու ժամանակ մենք Ստեփանակերտում էինք, ես ու ամուսինս մեր մյուս երեխաներին ուղարկեցինք Երևան, հետո ես վերադարձա: Մինչև հոկտեմբերի 5-ը մնացի Ստեփանակերտում, հետո եկա Երևան, ամուսինս մնաց: Մեր մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ այս պատերազմն այդքան լուրջ էր, և որ երկու ամսվա ծառայողին կարող էին առաջնագիծ ուղարկել»,- ասում է մայրն ու հավելում՝ Հադրութից հետո որդուն տեղափոխել են Վարանդա, Կարախամբեյլի, իսկ պատերազմի վերջին օրերին՝ Շուշի՝ որպես լավ կռվող, որն էլ եղել է նրա վերջին հանգրվանը։ 

«Այն օրը, երբ Արցախի նախագահն ասաց, որ թշնամին 5 կմ է հեռու Շուշիից, ես շատ վախեցա, զանգեցի ամուսնուս, հարցրի՝ ի՞նչ ա կատարվում։ Հիշում եմ՝ նոյեմբերի 5-ին մեր ընտանիքին բարեկամ մի ընտանիք թաղում էր միակ որդուն, որը զոհվել էր պատերազմում։ Մտածում էի՝ եթե Աստված չի խնայել ընտանիքի միակ որդուն, ինչպե՞ս կարող եմ ես հանգիստ մտածել, որ Արմանս կվերադառնա։ 

Տղաս ամեն օր զանգում էր, մի երկու բառ ասում ու անջատում, իսկ նոյեմբերի 6-ին՝ իր ծննդյան օրը, բոլորի հետ երկար խոսեց, արդեն հաջորդ օրվանից դարձավ անհասանելի, ու մենք սկսեցինք փնտրել իրեն բոլոր հնարավոր ու անհնար տեղերում»։

Ոչ մի լուր չունենալով որդու զոհվելու մասին՝ նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրից հետո ընտանիքը վերադարձել է Ստեփանակերտ՝ հուսալով, որ Կարմիր խաչի օգնությամբ կկարողանա գտնել Արմանին վիրավորների շարքում, սակայն ապարդյուն։ Արդեն նոյեմբերի 25-ին ընտանիքը Մեծամորի դիահերձարանից հեռախոսազանգ է ստանում՝ Արմանը գտնվել է՝ գլխի շրջանում ականանետի հարվածից մահացու վիրավորումով:

Ընտանիքը մինչ օրս չգիտի Արմանի զոհվելու մանրամասների մասին, միայն գիտեն, որ նա զոհվել է ականանետի հարվածից՝ նոյեմբերի 7-ին։ 

«Գիտեք՝ Արմանի թաղման օրը ընկերներիցս մեկը մոտեցավ, ասեց՝ տես, եկեղեցում Կոմիտաս են միացրել։ Կոմիտասն Արմանի ամենասիրելիներից էր։ Իր 18 տարիների ընթացքում Արմանը շատ երաժշտություն է գրել, բազմաթիվ ձայնագրություններ ունի։ Ցանկություն ունեմ մի օր Արմանի ստեղծագործությունների ալբոմը թողարկել, որ ամեն ինչ պահպանվի։ 

Հիմա, երբ վերհիշում եմ ամեն ինչ, հասկանում եմ, որ Արմանը վախ չուներ, ինչպես նաև այնտեղ եղած մեր բոլոր երեխաները։ Չկա մարդ, որ վախեր չունենա, ես չեմ հավատում, որ այդպիսի մարդ գոյություն ունի, բայց պետք է կարողանալ քո ու քո կյանքի փոխարեն ավելի կարևոր արժեքներ առաջ բերել ու պատրաստ լինել ինքդ քեզ նվիրել այդ արժեքներին։ Ես հպարտանում եմ իմ Արմանով, չնայած մինչ հիմա չեմ համակերպվում իր կորստի հետ, էսպես չպիտի լիներ։ Իսկ էսօր մենք ընտրություն չունենք, պիտի ապրենք, ես ինքս պիտի ապրեմ, որպեսզի իմ մյուս երեխաներին ոտքի կանգնեցնեմ»,- ասում է Մարինե Հարությունյանը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am