«Որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել». Սերժ Սարգսյանը «մրցակցային» ընտրություններ է խոստանում

«Որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել». Սերժ Սարգսյանը «մրցակցային» ընտրություններ է խոստանում
«Որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել». Սերժ Սարգսյանը «մրցակցային» ընտրություններ է խոստանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։

«Ազատություն»․ – Պարոն Նախագահ, Հայաստանը իր հետխորհրդային շրջանի պատմության ընթացքում միշտ դժվարություններ է ունեցել ընտրություններ անցկացնելու ժամանակ։ Չեն քննադատվում միայն առաջին նախագահական ընտրությունները: Եվ այդ ընտրություններից հետո յուրաքանչյուր հաջորդ ընտրություն, փաստորեն, քննադատության է ենթարկվել միջազգային եւ տեղական դիտորդների կողմից։ Ընդդիմությունն էլ հրաժարվել է ընդունել այդ ընտրությունների արդյունքները: Հիմա Հայաստանին օդի նման անհրաժեշտ են մաքուր, ազատ եւ արդար ընտրություններ, ինչպե՞ս եք դա ապահովելու։ Ինչպե՞ս եք երաշխավորելու այնպիսի ընտրություններ, որ Եվրոպան, Արեւմուտքը եւ ամենակարեւորը՝ մարդիկ, ընդունեն դրանց արդյունքները:

Սերժ Սարգսյան․ – Հայաստանում ընտրությունների ընթացքում դժվարություններ եղել են ոչ միայն հետխորհրդային տարիներին: Չեմ կարծում, որ խորհրդային տարիներին Հայաստանում իդեալական ընտրություններ էին անցկացնում, սա` մեկ: Եվ երկրորդ՝ միգուցե Ձեր տեսակետից առաջին նախագահական ընտրությունները քննադատության չեն ենթարկվել, բայց ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան մեր վերջին ընտրությունները՝ ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները:

Հարցի շարադրման ձեւի հետ չհամաձայնելով՝ պիտի ասեմ, որ, այո՛, մենք ուղղակի պարտավոր ենք բարձրացնել շեմը: